
Այսօր՝ մարտի 4-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր-Վրաստանի սահմանի ավտոճանապարհի Շնող գյուղի վարչական տարածքում ճակատ ճակատի բախվել են «Mercedes ML» և «DAF» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են։
Մահացածներից երկուսը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 2-ին «Mercedes ML»-ից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, ապա փրկարարները մահացածների մարմինները պատգարակներով մոտեցրել են Ալավերդու բժշկական կենտրոնի դիատարներին։
Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և մահացածների ինքնությունը։
Ալավերդու բժշկական կենտրոնի շտապօգնությունը տեղում օգնություն է ցուցաբերել «DAF»-ի վարորդին, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Մահացածները գնում էին Լոռու մարզի գյուղերից մեկում թաղման արարողության մասնակցելու։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխովում են ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։