Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները հոկտեմբերի 2-ին Շուշիում անցկացրել են եռակողմ ձևաչափով 13-րդ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։
Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը և ռազմական համագործակցության հետագա խորացումը։ Առանձին ուշադրություն է դարձվել եռակողմ զորավարժությունների և ռազմական պատրաստության ծրագրերի ընդլայնմանը, ինչպես նաև ռազմատեխնիկական, ռազմական կրթության և ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությանը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Կովկասի անվտանգությունը չի կարելի առանձին դիտարկել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի անվտանգությունից։ Նա նաև նշել է, որ Անկարան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին զարգացումները։
Գյուլերը հատուկ անդրադարձել է երեք երկրները կապող էներգետիկ, տրանսպորտային և հաղորդակցային նախագծերին՝ դրանց անվտանգության ապահովումն անվանելով երեք պետությունների ընդհանուր պատասխանատվություն։
Հանդիպման ընթացքում կարևորվել են նաև համատեղ զորավարժությունները։ Կողմերը պայմանավորվել են ընդլայնել նման զորավարժությունների և համատեղ պատրաստության ծրագրերի շրջանակը։
Հանդիպման ավարտին երեք նախարարները ստորագրել են եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ արձանագրություն։



