Սեուտայի ավելի քան 10 հազար բնակիչ կիրակի օրը հավաքվել են բողոքի ակցիայի՝ ընդդեմ կենտրոնական իշխանությունների գործողությունների՝ լայնածավալ միգրացիոն ճգնաժամի ֆոնին, երբ անցյալ շաբաթ ավելի քան 70 հազար միգրանտ ներխուժել է Աֆրիկայում գտնվող այս իսպանական անկլավ, հայտնել են ակցիայի կազմակերպիչները, հաղորդում է Euronews-ը։ Ազգային ոստիկանության պաշտոնական տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է մոտ 5 հազար։
Չնայած միասնության կոչին, որով հանդես էին եկել քաղաքի չորս կրոնական համայնքները՝ քրիստոնեական, մահմեդական, հրեական և հինդուիստական, ինչպես նաև այդ ինքնավար քաղաքում Ժողովրդական կուսակցության ղեկավար Խուան Վիվասի խնդրանքին՝ մասնակցել ակցիային՝ անկախ քաղաքացիությունից, մասնակիցների կարգախոսներն ու խորհրդանիշները ցույց տվեցին կենտրոնական կառավարության դեմ հստակ արտահայտված բողոք։
«Մենք չենք պատրաստվում հանձնվել, մենք կդիմադրենք և միասին, միավորվելով, կհաղթահարենք դա։ Բայց ակնհայտ է, որ միայնակ չենք կարողանա. մեզ անհրաժեշտ է Իսպանիայի մնացած մասի համերաշխությունը, և անհրաժեշտ է, որ պետությունը կատարի իր պարտականությունները։ Բայց մենք հավատում ենք, որ այդպես էլ կլինի», — հայտարարել է Վիվասը։
Այս անգամ հանրահավաքը տեղի է ունեցել Սահմանադրության հրապարակում։ Տարբեր պահերի մասնակիցները վանկարկել են հետևյալ կարգախոսները՝ «Սանչես, հրաժարական տուր՛», «Սեուտան Իսպանիա է», «Անօրինականներին՝ արտաքսել», ինչպես նաև ծածանել են Իսպանիայի և Սեուտայի դրոշները, ընդ որում՝ իսպանական դրոշները զգալիորեն ավելի շատ էին։



