Մարոկկոն առաջին կին վարչապետն ունի

Ֆաթիմա Էզզահրա էլ Մանսուրին նշանակվել է Մարոկկոյի առաջին կին վարչապետ այն բանից հետո, երբ նրա Authenticity and Modernity Party ( «Իսկություն և արդիականություն» կուսակցություն) սեպտեմբերի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ստացել է ամենաշատ մանդատները։

Ֆաթիմա Էզզահրա էլ Մանսուրիին վարչապետի պաշտոնում նշանակել է Մարոկկոյի թագավոր Մուհամեդ VI-ը՝ նրան հանձնարարելով ձևավորել նոր կառավարություն։ Մանսուրին դառնում է Մարոկկոյի պատմության մեջ առաջին կինը, որը գլխավորում է կառավարությունը։

«Իսկություն և արդիականություն» կուսակցությունը խորհրդարանի 395 տեղերից ստացել է 97-ը և բացարձակ մեծամասնություն չունի, ուստի Մանսուրին պետք է բանակցություններ վարի այլ քաղաքական ուժերի հետ՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու համար։

50-ամյա Մանսուրին նախկինում զբաղեցրել է տարածքային պլանավորման, քաղաքաշինության, բնակարանային և քաղաքային քաղաքականության նախարարի պաշտոնը, ինչպես նաև եղել է Մարաքեշի քաղաքապետը։

Այս նշանակմամբ Մանսուրին դարձել է արաբական աշխարհում կառավարություն գլխավորած երկրորդ կինը՝ Թունիսի նախկին վարչապետ Նաջլա Բուդենից հետո, որը պաշտոնավարել է 2021-2023 թվականներին։

Մարոկկոն սահմանադրական միապետություն է, սակայն թագավորը լայն լիազորություններ ունի, այդ թվում՝ արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներում։ Երկրի սահմանադրության համաձայն՝ թագավորը կառավարության ղեկավարին նշանակում է Ներկայացուցիչների պալատի ընտրություններում ամենաշատ մանդատները ստացած կուսակցությունից։