Սերժից մինչեւ Նիկոլ՝ Լուկաշենկոյի համար բան չ...

Իլհամ Հեյդարովիչին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան, ինչ խոսք, հերթական անգամ ապացուցեց, որ Հայաստանի համար Բելառուսը, անկախ այն հանգամանքից, որ ֆորմալ առումով դաշնակից է ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում, իրականում ոչ միայն դաշնակից լինել չի կարող, այլ նույնիսկ բարեկամ երկիր էլ համարվել կարող է խիստ վերապահումներով։

Պատճառն այն է, որ Բելառուսի նախագահը ընդգծված կերպով ցույց է տալիս, որ Բելառուսի եւ Ադրբեջանի հարաբերությունները չափազանց ջերմ են ու դա պայմանավորված չէ միայն այն իրողությամբ, որ անձամբ Լուկաշենկոն այն մարդկանց ցանկում են, ովքեր կարող են կսմթել Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետույքը։ Խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանը գնողունակ երկիր է, ունի էներգակիրներ, ինչպես ասում են՝ նաեւ «նավթաբույր խավիար» եւ կարողանում է հարկ եղած դեպքում «ջրել բոլոր խնդիրները» նավթով ու խավիարով՝ տիպիկ արեւելյան կեղծավորությամբ։

Դե Լուկաշենկոն էլ պարտական չի մնում, եւ Մեհրիբանի հետեւյքը կսմթելուց բացի նաեւ պատասխան շողոքորթությունն է շռայլում Իլհամ Հեյդարովիչի հասցեին։ Մեղմ ասած՝ Սերժ Սարգսյանի ժամանակներից մինչեւ Նիկոլ Փաշինյանի ժամանակներ՝ «Բատկայի» համար բան չի փոխվել այս առումով։

Բելառուսական փորձագիտական-վերլուծական հանրույթում կարծես թե այս ամենը ընկալվում է բավական նորմալ։ Դե ինչպես ասում են՝ կարեւորը իրենց «կուշտ են» ու վայելում են Լուկաշենկոյի ողորմածությունը, իսկ մնացածը, բելառուսական փորձագիտական հանրույթի շատ ներկայացուցիչների տեսակետով, երկրորդական հարց է։ Նրանք նույնիսկ զարմանք են հայտնում, որ Երեւանում հնարավոր է վիրավորվեն Բաքվում Լուկաշենկոյի՝ Ալիեւին ուղղված եւ նաեւ հայերի հաշվին արված ռեւերանսներից։ Ի վերջո, նույնիսկ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը նա կարող է որպես առիթ օգտագործել ու փող աշխատել, ինչը վստահաբար կանի։

Այս ամենի ֆոնին, կրկին առաջանում է այն հարցը, թե իսկ ինչի վրա էր հույս դրել Նիկոլ Փաշինյանը, երբ գազային հարցը ԵԱՏՄ-ում բարձրացնելով, հույս ուներ, որ կկարողանա օրինակ Լուկաշենկոյի հետ տանդեմով հասնել մի արդյունքի, որը Ռուսասանի սրտով չէր։ Ավելի պարզ ասած՝ ինչու էր Փաշինյանը պարում Լուկաշենկոյի «բալալայկայի» տակ ընդդեմ Ռուսաստանի, եթե գիտեր, որ Լուկաշենկոն «անաղ ու անահաց» մեկն է, ու ոչ անկեղծ դաշնակից, եւ որ ամենակարեւորը՝ ինչ ստացավ Հայաստանն այդ արկածախնդրության դիմաց։ Գործնականում ոչինչ։ Իսկ Բելառուսը՝ էժան գազ, շնորհիվ միացյալ պետության շրջանակներում եղած կարգավորումների եւ մեխանիզմների։