Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել «Հետպատերազմյ...

Հայասատանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցում է «Հետպատերազմյան Հայաստան. ի՞նչ քայլեր ձեռնարկել» խորագրով ժողովին։ Նա հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է․ «Երկու տարի առաջ կրկին հավաքվել էինք այստեղ՝ քննարկելու թե՛ կուսակցության հետագա անելիքները, թե՛ երկրին պատուհասած պոպուլիզմի վիրուսի դեմ պայքարի միջոցները»: Նա նաեւ ասել է․ «Եթե կուսակցական աշխատանքների մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել Հանրապետականի դիրքերը՝ որպես ՀՀ քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, ապա երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրին, և մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»:

Սարգսյանի խոսքով՝ հունիսին կապիտուլյանտ իշխանությունների կողմից կազմակերպված ԱԺ արտահերթ ընտրությունները, ինչպես զգուշացնում էր Հանրապետականը, չլուծեցին ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ՝ անվտանգությունից մինչև արժեհամակարգային, քաղաքականից մինչև արդարության ճգնաժամ:

«Թեև Հանրապետականը, ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերնպատակ չի եղել, ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը, և, եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ասաց նա:

Խոսելով արդարության ճգնաժամի մասին՝ ՀՀ երրորդ նախագահը շեշտեց՝ այն թե՛ քաղաքական է, թե՛ տարածաշրջանային:

«Անարդար է, երբ պատերազմի մունետիկ և պարտության պատճառ կապիտուլյանտն իր արկածախնդրության և աղետաբեր քաղաքականության համար դեռ չի պատժվել օրենքի շրջանակներում և չի արժանացել հետպատերազմյան շոկը չհաղթահարած մեր ժողովրդի անեծքին: Անարդար է, երբ ագրեսիայի հետևանքով հազարավոր կյանքեր խլելուց և բազմահազար հայերի հայրենազրկվելուց հետո այժմ մեզ փորձում են թելադրել, այսպես ասած, խաղաղասիրական օրակարգ: Անարդարությունից չի կարող ծնվել ո՛չ ներքին կայունություն, ո՛չ էլ արտաքին խաղաղություն»,-հայտարարեց նա: