Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարա...

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում Վարդենիսի ընտրատեղամասերից մեկում գրանցվել է ուշագրավ դեպք։ Ընտրական հանձնաժողովի անդամների փոխանցմամբ՝ քվեատուփի բացումից հետո անվավեր քվեաթերթիկների շարքում հայտնաբերվել է մի թերթիկ, որի վրա քաղաքացին սեփական ձեռքով գրել էր «Ադոլֆ Հիտլեր» և այն դրել ծրարի մեջ՝ որպես իր «ընտրությունը»։ Արդյունքում քվեաթերթիկը ճանաչվել է անվավեր։

Թեև նման դեպքերը ընտրություններից ընտրություններ պարբերաբար հանդիպում են տարբեր երկրներում, այս դեպքը ուշադրության է արժանացել ընտրված անձի անվան պատճառով։ Ադոլֆ Հիտլերը նացիստական Գերմանիայի առաջնորդն էր 1933-1945 թվականներին, նա մարդկության պատմության ամենաարյունալի բռնապետերից մեկն է, որի քաղաքականության հետևանքով միլիոնավոր մարդիկ են զոհվել։ Ինչու էր քաղաքացին իր «ընտրությունը» կանգնեցրել հենց Հիտլերի վրա, հայտնի չէ։ Կարելի է նման քայլը մեկնաբանել որպես գործող քաղաքական ուժերից և թեկնածուներից դժգոհության արտահայտման յուրօրինակ ձև, բողոքի քվե կամ ընտրական գործընթացի նկատմամբ հեգնանքի դրսևորում։ Չի բացառվում, որ ընտրողը պարզապես ցանկացել է ուշադրություն գրավել կամ արտահայտել իր հիասթափությունը՝ չընտրելով առաջադրված քաղաքական ուժերից որևէ մեկին։