
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը շաբաթներ առաջ, արձագանքելով իմփիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ նախաձեռնության հեղինակների ուղարկած նամակին և հիմք ընդունելով նախաձեռնության անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, հայտարարել էր, որ չունի վարչապետի թեկնածու և պատրաստ է քննարկել այդ հարցը՝ առանց նախապայմանների։
Որոշ ժամանակ անց Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, օգտվելով օրենքով սահմանված իրենց լիազորություններից, սկսեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց և որպես վարչապետի թեկնածու առաջադրեցին Էդմոն Մարուքյանին։
Ստեղծված իրավիճակում ակնկալվում էր, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ հավատարիմ մնալով իր նախորդ հայտարարությանը, թեկնածուի հարցը կքննարկի նախաձեռնող պատգամավորների հետ՝ առանց նախապայմանների։ Ըստ տեղեկությունների՝ թեկնածու Էդմոն Մարուքյանը փորձել է կապ հաստատել խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ, ով իր հերթին խոստացել է քննարկել հարցը։ Սակայն կարճ ժամանակ անց խմբակցությունը հայտարարեց, որ ունի որոշակի նախապայմաններ և չի կարող աջակցել Մարուքյանի թեկնածությանը։
Ստեղծված իրավիճակը վկայում է որոշ հայտարարությունների և գործողությունների միջև անհամապատասխանության մասին։ Նախկինում ևս արձանագրվել են նման օրինակներ։ Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը 2014 թվականին հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն 2018-ին առաջադրվեց այդ պաշտոնի համար։ 2021 թվականին նա նշել էր, որ սխալ է համարում Նիկոլ Փաշինյանի հետ ընտրությունների մասնակցելը, սակայն այնուամենայնիվ որոշեց մասնակցել։
Այսպիսի հակասություններ քաղաքական հայտարարությունների և իրական գործողությունների միջև հարցեր են առաջացնում թիմի արժեհամակարգի և երկարաժամկետ հետևողականության վերաբերյալ։ Այդ հանգամանքը կարող է էական ազդեցություն ունենալ հանրային վստահության ձևավորման վրա, հատկապես 2026 թվականի ընտրական գործընթացի համատեքստում։