Ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյուն...

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ:

Ինչպես տեղեկացնում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունը, գերատեսչության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին:

Միջոցառման ընթացքում բարձր տեխնոլոգիաների վարչության գլխավոր մասնագետ Մոնիկա Մաթևոսյանը ներկայացրել է նախարարության սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների «Ներուժ 6.0» և «Գաղափարից մինչև բիզնես» ծրագրերը, դրանց մասնակցության պայմանները և նախատեսված միջոցառումները:

Հանդիպմանը ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել նախորդ տարիների ծրագրերի շահառուները:

Այնուհետև բարձր տեխնոլոգիաների վարչության փորձագետ Լուսինե Թովմասյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրերը, որոնք տեխնոլոգիական ընկերություններին հնարավորություն են տալիս ստանալու պետական աջակցություն նոր աշխատակիցներ, աշխատանքային միգրանտներ ներգրավելու և աշխատողների վերապատրաստումների համար: Ներկաներին ներկայացվել է նաև ոլորտի հարկային արտոնությունները, որոնք կարող են տրամադրվել գիտական հետազոտություններ և փորձարարական մշակումներ իրականացնող կազմակերպություններին:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացված ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները: