Սեպտեմբերին նոր պատերազմ․ Ռուսաստանի զգուշացո...

Ռուս-ադրբեջանական հարաբերություններն, ըստ ամենայնի, լարվել են։ Պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է մտնել ԵԱՏՄ և ՀԱՊԿ՝ Ռուսաստանի ինտեգրացիոն քաղաքականության համար կարևորագույն երկու կառույց։

44-օրյա աղետալի պատերազմից հետո ակտիվացան խոսակցություններն այն մասին , որ իրականում Ռուսաստանը որոշակի չեզոքություն է պահպանել, քանի որ Ադրբեջանը խոստացել է մտնել ՀԱՊԿ և ԵԱՏՄ։

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման մասին խոսում են վերջին օրերի իրադարձությունները։ Նախ, Հայաստան է այցելում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նա սկզբում լսում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի խիստ ելույթը և զգուշացումը, որ հայկական կողմը իրեն իրավունք է վերապահելու զենքով լուծել սահմանախախտման հարցը և հետո Զասն ինքն է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը անվանում սպառնալիք ՀԱՊԿ-ի համար։ Եվ սա այն դեպքում, երբ շաբաթներ առաջ նույն ՀԱՊԿ-ը սահմանային բախումներն անգամ սպառնալիք չէր համարել։

Հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը այցելում է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհում Ադրբեջանի կողմից սանձազերծած ղարաբաղյան երկու պատերազմների զոհերի շիրիմներին։ Այս քայլն իրականում աննախադեպ է։ Առաջին հերթին այն պատճառով, որ առաջին անգամ է, որ Զասի մասշտաբի միջազգային գործիչն այցելում է «Եռաբլուր» և երկրորդ, իհարկե, ՀԱՊԿ-ի դիրքորոշման տեսանկյունից, քանի որ այս կառույցի առնվանզ երկու անդամ՝ Ղազախստան և Բելառուսը իրենց առավել շատ համարում են Ադրբեջանի դաշնակիցը։

Տեղի ունեցող գործընթացների համապատկերում կարևոր է դիտարկել նաև  ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի մոսկովյան հանդիպումը։ Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը դաշույն է նվիրում Հայաստանի պաշտպանության նախարարին և հայտարարում․ «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»։  Այստեղ կարևոր է սիմվոլիզմը։ Դաշույնը ուժի և արդարադատության խորհրդանիշ է և այստեղից կարելի է հասկանալ, որ ռուս նախարարը ակնարկում է, թե ռուսական արդարադատությունը թեքվել է դեպի Հայաստան։

Հաջորդ կարևորը ազդակը Արցախի և Հարավային Օսիայի ԱԳ նախարարների զրույցն է․ «Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն առցանց հանդիպում է ունեցել Հարավային Օսիայի Հանրապետության - Ալանիայի Պետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հետ։

Քննարկվել են երկու պետությունների միջև առկա կապերին, արտաքին քաղաքական գերատեսչությունների համագործակցությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր։

Երկուստեք ընդգծվել է փոխգործակցության հետագա ընդլայնման ու խորացման, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ պարբերական քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը»,-ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագությունում։

Հիշեցնենք, որ Հարավային Օսիան անկախացել է Վրաստանից և նրա անկախությունը առաջինը ճանաչել է Ռուսաստանի Դաշնությունը։

Մեկ-երկու օրվա ընթացքում տեղի ունեցող այս իրադարձությունները չեն կարող պատահականության արդյունք լինել։ Ռուսաստանի Դաշնությունն, ըստ ամենայնի, զգուշացնում է Ադրբեջանին, որ եթե փորձի հետ կանգնել իր խոստումից և չմիանա ռուսական նախագծերին, ապա հայկական բանակը շատ արագ կվերազինվի ու Ադրբեջանի Հայաստանի սահմանների խախատման  հանգամանքն օգտագործելով կարող է պատերազմ սկսել և շատ արագ վերաազատագրել ամբողջ Արցախը։

Ընդ որում պետք է նկատել, որ Ադրբեջանին շատ ժամանակ տված չէ և նա կարող է որոշում կայացնել մինչև աշուն։ Բուն գործընթացը գուցե մի փոքր երկարի, բայց հրապարակային որոշում կայացնելը պետք է առաջիկա շաբաթներում լինի։ 

Ի դեպ, հետաքրքիր է նաև նկատել, որ դեռևս հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ հայտարարել էր, որ պահեստազորի եռամսյա հավաքներ պետք է լինեն  սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը, բայց ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարման ֆոնին այդ հավաքները մեկ ամիս շուտ սկսեցին և ըստ նոր հաղորդագրության այն տեղի կունենա օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։ 

Հ․Գ․ Իրադարձությունները այլ սցենարով կգնան, եթե Ադրբեջանն, ի վերջո, հրապարակային հայտարարի ԵԱՏՄ մտնելու մասին և գործուն քայլեր անի այդ ուղղությամբ։