Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում»-ը և դրա...

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և նրա հետ կապված կուսակցությունները հակասահմանադրական կճանաչվեն և այլևս չեն կարողանա մասնակցել ընտրություններին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

«Արդեն այս փուլում հստակ երևում է, որ քննչական հանձնաժողովի (խորհրդարանական) եզրակացությունն ամուր իրավական հիմք կհանդիսանա այս կուսակցությունները (ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունները-Խմբ.) հակասահմանադրական ճանաչելու համար, և, վստահ եմ, ՍԴ-ն օբյեկտիվ որոշում կկայացնի։ Հավաքական Ազգային շարժումը (ընդդիմության ընդհանրացում -Խմբ.) չի կարողանա մասնակցել ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այլև այս երկրի որևէ այլ ընտրության»,- ասել է նա ճեպազրույցում։

Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ հիմնական ընդդիմադիր կուսակցությունները «հակասահմանադրական կճանաչվեն որպես հակավրացական, հակապետական, ապազգային և հանցավոր, և դրանց գործունեությունը կարգելվի»։ Նա նշել է, որ Սաակաշվիլիի օրոք (2003-2012 թթ.) կատարված հանցագործությունները հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի մի քանի նիստեր արդեն ցույց են տվել, թե ինչ վտանգի առաջ կարող է կանգնել երկիրը, եթե «Միացյալ ազգային շարժումը» վերադառնա իշխանության։

«Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղարի խոսքով՝ խորհրդարանական հանձնաժողովի վերջնական եզրակացությունը հիմք կտա դիմելու Սահմանադրական դատարան՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, ինչպես նաև դրա հետ կապված կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու համար։ 

Բացի այդ, ինչպես նշել է Մդինարաձեն, արդեն խորհրդարան է ներկայացվել օրինագիծ՝  հակասահմանադրական ճանաչելու գործող հիմնական ընդդիմադիր կուսակցությունների ժառանգներին, եթե դրանց կազմը կամ նպատակները նույնական են:

2024 թվականի հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրացական երազանքն իր ընտրողներին խոստացել էր հակասահմանադրական ճանաչել Վրաստանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունները, այդ թվում՝ «Միացյալ ազգային շարժում»-ը, եթե ընտրություններից հետո ստանա սահմանադրական մեծամասնություն (150 մանդատից 113-ը):