Այս դատավարությունն ուղղակի մի խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում ու ասում՝ սա իրավաբանության խոշտանգում էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և մյուսների գործով վերաբացված դատավարությանը։
«Ես չեմ մտածել, որ կարելի է մեկ դատական նիստի ժամանակ այսքան օրենքի խախտումներ թույլ տալ»,- ընդգծեց երկրորդ նախագահը։
Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանն այն որակեց որպես հեքիաթ․ «Դուք այդ հեքիաթը լսե՞լ եք։ Ես նաուշնիկը դրել, փակել էի դրա համար, որ այդ անհեթեթությունը չլսեմ։ Չեմ ուզում իրավական հարցերի մեջ խորանալ, որովհետև կարծում եմ՝ դա փաստաբաններն ավելի լավ դա կանեն։ Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, ինչո՞ւ է այն ապօրինի, որ այդ հրամանագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից։ Ասում են՝ իրավունք չուներ հրամանագիր տալու, եթե դատախազն իրավաբանությունից մի քիչ գոնե բան հասկանար, երևի կբացեր Սահմանադրությունը, անցումային շրջանում գրած է, որ մինչև օրենքի ընդունումը հրամանագրով նախագահն իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»։
Հարցին՝ «Մարտի 1-ի» իրադարձություններին ռազմական ոստիկանության ներգրավմանը՝ երկրորդ նախագահը բերեց COVID-ի արտակարգ դրության օրինակը․ «Այդ շրջանում էլ ռազմական ոստիկանությունը ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի իրականացմանը։ Ռազմական ոստիկանը նույն ոստիկանն է, COVID-ի ժամանակ ռազմական ոստիկանությունը իրականացնում էր նաև այդ ռեժիմը»։
Դիտարկմանը, թե զինծառայողները կրակել են ցուցարարների ուղղությամբ, Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դա սուտ է, կան նույնիսկ տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ցուցարարները ավտոմատով կրակում ոստիկանների ուղղությամբ․ «Չե՞ք տեսել․ առաջարկում եմ այդ հոլովակները թարմացնել։ Ինձ հայտնի չէ այն փաստը, որ զինծառայողներ են կրակել։ Այդ պարկուճների փոխելը միֆոլոգիայի ժանրից է։ Խոսքը հունիսի մասին է, այսինքն՝ ամռանը, ես ապրիլի 9-ից պաշտոնի չեմ եղել, բացարձակ տեղյակ չեմ։ Արտակարգ դրությունը մտցվել է երբ արդեն ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից, առաջին վիրավորները դեռ ցերեկն ենք ունեցել և մի քանի հրկիզված ոստիկանական մեքենա։ Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը հիմնավորված էր ամբողջովին»։
Հարցին՝ արդյո՞ք ինքը քաղաքական պատասխանատվություն զգում է 10 ցուցարարի մահվան մեջ, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Կարծում եմ՝ չի կարող ղեկավար լինել, որի համար դա մեծ տհաճություն չլինի։ Իհարկե։ Հատկապես որ մեկ ամիս էր մնում իմ ժամկետը լրանալուն։ Այդ հարցը պետք է տալ այն մարդկանց, որոնք այդ բախումները հրահրել են։ Երկրի ղեկավարի համար կարևորը պետք է լինի երկրի կայունությունը և սահմանադրական կարգը։ Եթե ինքը զոհաբերում է կարևորը հնարավոր հետևանքների պատճառով, ուրեմն ինքը բավականաչափ պաշտոնի ծանրությունը չի զգում։ Վիրավոր ոստիկանների քանակը եռակի ավելի էր, քան ցուցարարների։ Ես այցելել եմ հոսպիտալ ու տեսել՝ ինչ կարգի վիրավորված երիտասարդ զինվորներ ունենք, բոլորը գրեթե բեկորային ու այրվածքներով՝ մոտ 200 հոգի։ Եթե կան մարդիկ, որոնք դա չեն ուզում տեսնել, դա իրենց խնդիրն է»։