Ռուսաստանը և Պարենի համաշխարհային ծրագիրը պատ...

Ռուսաստանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) պատրաստում են ռազմավարական գործընկերության նոր համաձայնագիր։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Վերշինինը։

«Այժմ մենք քննարկում ենք Ռուսաստանի և ՊՀԾ-ի  ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի կնքումը: Փաստաթղթի նախագիծը գտնվում է ՊՀԾ քարտուղարությունում՝ մեր փոփոխություններով: Մենք պատասխանի ենք սպասում  կազմակերպությունից: Եվ կարծում ենք, որ որքան արագ ստորագրվի այդ փաստաթուղթն, այնքան ավելի լավ։ (Խմբ.՝ ՊՀԾ գործադիր տնօրեն Սինդի) Մաքքեյնն ինձ հաստատեց իր ցանկությունը՝ շարունակելու մեր փոխգործակցությունը, այդ թվում՝ այդ փաստաթղթի հիման վրա», - Վերշինինի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի միջոցներ հատկացնել ՊՀԾ ծրագրերի իրականացման համար, ֆինանսական աջակցություն ցուցաբերել և շարունակել սկսած նախագծերը՝ չնայած արևմտյան պատժամիջոցների պատճառով օբյեկտիվ դժվարություններին։ Պարենի համաշխարհային ծրագիրը, նրա խոսքով, պետք է նպաստի Ռուսաստանի Դաշնության հետ բնականոն աշխատանքի ապահովմանը, ինչը կարևոր է պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից:

Մոսկվան ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ կնքված հացահատիկի գործարքը հուլիսի 17-ի վերջնաժամկետից հետո չի երկարաձգել՝ հայտարարելով, որ Ռուսաստանի մասով պայմանավորվածությունները չեն իրագործվել։