Գիշերը ՌԴ զինված ուժերը ցամաքային ու օդային բազավորման հեռահար ճշգրիտ զենքերով և հարվածային անօդաչու թռչող սարքերով խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Հարվածների հետևանքով խոցվել են՝
Կիև քաղաքում գտնվող ուկրաինական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները, որոնք ներգրավված են եղել մեծ և միջին հեռահարության անօդաչու թռչող սարքերի արտադրության և պահպանման մեջ,
«Օդեսա» և «Հարավային» նավահանգիստների ենթակառուցվածքային օբյեկտները, որոնք օգտագործվել են ռազմական նշանակության բեռների և վառելիքաքսուքային նյութերի առաքման ու պահպանման համար։
Բացի այդ, Օդեսայի մարզի նավահանգիստներ ուղևորվելիս ծովում խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի մեկ նավ և մեկ մոտորանավակ»,— նշել են ՌԴ ՊՆ-ից։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցներով խոցվել և ոչնչացվել է ուկրաինական 375 անօդաչու թռչող սարք։
Ուկրաինական «ՈՒՆԻԱՆ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Կիևին հասցված հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել։
Նշվում է նաև, որ Սարատովի մարզի Էնգելս քաղաքում ուկրաինական դրոնների հարձակումից հետո հրդեհ է բռնկվել ռազմական օդանավակայանում։ Հաղորդվում է նաև Դոնեցկի մարզի Շախտյորսկ քաղաքի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի հարձակման մասին։



