Ռուսաստանի վտանգավոր խաղը․ հայերի ձեռքով կրակ...

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները նոր վտանգավոր խաղ են սկսում տարածաշրջանում։ Ընդ որում, այս անգամ էլ կարծես փորձ է արվում հայ ժողովրդի ձեռամբ սեփական շահերը սպասարկել։

Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարարությունը հրապարակել է հատուկ զեկույց, որում ներկայացրել է աշխարհի 43 երկրներում մարդու իրավունքների վիճակը։ 1999 թվականից հետո նույն նախագահի իշխանության տակ գտնվող երկրում, որտեղ արդեն մեկ լրիվ սերունդ է ծնվել-մեծացել, բայց նույն համակարգը չի փոխվել, խոսում են մարդու իրավունքներից այն դեպքում, երբ այդ երկրում մարդու իրավունքների վիճակը ողբալի է բոլոր առումներով։

Զեկույցում ներառված են հետխորհրդային երկրներ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Լիտվան, Լատվիան և Էստոնիան, իսկ տարածաշրջանի այլ երկրներ, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը համեմատաբար լավ հարաբերություններ ունի, ներառված չեն, ինչպես օրինակ Ադրբեջանը, կամ Կենտրոնական Ասիայի երկրները, որտեղ դեռ 80-ականների վերջերից իշխանության եկածներն են «թագավորում»։ Կոնկրետ դեպքում, անդրադառնալով Վրաստանում ընթացող գործընթացներին՝ զեկույցը կենտրոնանում է երկրում ազգային փոքրամասնությունների իրավունքների վրա և նշում, որ «էթնիկ փոքրամասնությունների ներգրավումը քաղաքական գործընթացներում դեռ ցածր մակարդակի վրա է, և նրանք պահանջում են ավելի լայն ինքնավարություն, այդ թվում` Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում»:

Ըստ զեկույցի, օրինակ «հայ համայնքը վաղուց է բարձրացնում Սամցխե-Ջավախեթիի ինքնավարության հարցը, իսկ Քվեմո-Քարթլիի ադրբեջանցիները պահանջում են լայն ներկայացվածություն տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ բոլոր հիմնական պաշտոնները զբաղեցնում են վրացիները: Այս կոչերը չեն ստանում Վրաստանի ղեկավարության աջակցությունը, որը գնահատվում է որպես անջատողական տրամադրությունների արտահայտում:

Բացի այդ, վրացական լրատվամիջոցներում հաճախակի են դարձել Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումները: 2011 թ.-ին Վրաստանում «Կրոնական դավանանքների ազատ գրանցման մասին» օրենքի ընդունումից ի վեր գրանցվել են վանդալիզմի բազմաթիվ դեպքեր հայկական եկեղեցիների նկատմամբ»:

Այն, որ Ռուսաստանը ունի հին հաշիվներ Վրաստանի հետ, որն ընդամենը փորձում է ինքնուրույնաբար ընտրել իր ճանապարհը եւ դրանով դուր չի գալիս Մոսկվային, հասկանալի է, սակայն այն, որ Ռուսաստանը որոշել է «ինչ որ» անկայունություն սերմանել Վրաստանի ներսում եւ դրանում օգտագործել տեղի հայ համայնքին, դա չափազանց հետաքրքիր է ու նաեւ վտանգավոր։

Սա շատ վտանգավոր խաղ է, որը կարող է էական բացասական ազդեցությունը ունենալ հայ ժողովրդի ճակատագրի վրա։ Հայաստանը դեռևս չի կարողացել լուծել Արցախի հարցը և Վրաստանը երկու հարևաններից մեկն է, որ բաց է պահում Հայաստանի հետ սահմանը։ Եթե նման սցենար գործի դրվի, ապա Հայաստանը ամեն կերպ պետք է հեռու մնա դրանից ու փորձի նաև հեռու պահել հայ համայնքին։ Այս սցենարը որևէ կապ չունի հայկական շահի հետ և միայն նպատակ ունի օգտագործել հայության խնդիրը հանուն Ռուսաստանի շահերի։