Ռուսաստանի մի քանի ամենահարուստ գործարարներ վերջին մեկ տարվա ընթացքում միլիարդավոր դոլարներ են դուրս բերել երկրից՝ մտահոգված լինելով երկրի տնտեսության ու պետական բյուջեի վիճակով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։
Գործարարները, որոնց թվում կան նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած անձինք, անհանգստանում են նաև, որ իրենց ակտիվները կարող են պետականացվել կամ բռնագրավվել, ինչպես դա եղավ, օրինակ, «Դոմոդեդովո» օդանավակայանի նախկին տեր Դմիտրի Կամենշչիկի պարագայում։
Բացի այդ, գործարար աշխարհի ներկայացուցիչները վախենում են, որ պետությունը կուժեղացնի իրենց վրա գործադրվող ճնշումը՝ պատերազմը ֆինանսավորելու նպատակով։ Bloomberg-ը հիշեցնում է, որ դեռ մարտին Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոշորագույն գործարարներին առաջարկվել էր գումար նվիրաբերել պատերազմի կարիքների համար։ Կրեմլի վարկածով, գործարարներին ոչ թե ստիպել են, այլ նրանք իրե՛նք են հանդես եկել նման նախաձեռնությամբ։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդիկ վերջին մեկ տարում վերանայել են իրենց ներդրումային պորտֆելները՝ նախապատվությունը տալով կրիպտոարժույթին, ոսկուն և արտերկրում անշարժ գույք գնելուն։
Bloomberg-ն ընդունում է, որ դժվար է ճշգրիտ գնահատել կապիտալի ոչ պաշտոնական արտահոսքի իրական ծավալները (օրինակ՝ կրիպտոարժույթով գործարքների միջոցով)։ Այդուհանդերձ, ռուսաստանցի մի քանի ամենահարուստ գործարարների ներդրումային որոշումներին մոտ կանգնած երկու աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը տասնյակ միլիարդավոր դոլարների մասին է։ Նրանք նաև փաստում են, որ նախորդ տարվա համեմատ կապիտալի արտահոսքն աճել է։
Պարբերականը նշում է, որ ռուս գործարարները, փորձելով իրենց ակտիվները դուրս բերել Կրեմլի հասանելիության գոտուց, ստիպված են հաշվի առնել նաև արևմտյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում սկսած պատերազմի պատճառով։
Այս համատեքստում հոդվածագիրը հիշատակում է «Ա7» ընկերությունը, որի սեփականատերերն են փախուստի մեջ գտնվող մոլդովացի գործարար Իլան Շորն ու ռուսական պետական «ՊՍԲ» բանկը (նախկին «Պրոմսվյազբանկը»)։ «Ա7»-ն իրականացնում է անդրսահմանային վճարումներ՝ օգտագործելով «A7A5» կրիպտոարժույթը, որը կապակցված է ռուսական ռուբլուն։ «ՊՍԲ»-ն հայտարարել էր, որ 2025 թվականի առաջին կիսամյակում «Ա7»-ի միջոցով իրականացված գործարքների ծավալը գերազանցել է 7,5 տրիլիոն ռուբլին (շուրջ 98 միլիարդ դոլար)։



