Ռուսական կործանիչների գործողությունների արդյո...

Սև ծովի երկնքում  մարտի 14-ի առավոտյան ժամը 7:03-ին (Երևանի ժամանակով 10:03-ին) ռուսական երկու Սու-27 ինքնաթիռներ խոցել են ամերիկյան MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն: ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը (EUCOM) հայտնել է, որ ռուսական կործանիչներն իրականացրել են ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ի «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ կալանում»:

Ամերիկյան կողմը նշում է, որ իր MQ-9 Reaper հետախուզական ԱԹՍ-ն բախվել է ռուսական Սու-27 կործանիչների հետ Սև ծովի միջազգային օդային տարածքում, այնուհետև ընկել է ջուրը։

«Բախումից առաջ մի քանի անգամ Սու-27-երը վառելիք են թափել և թռել են MQ-9-ի դիմացով անխոհեմ, էկոլոգիապես անապահով և ոչ պրոֆեսիոնալ կերպով», - նշվում է EUCOM –ի հայտարարությունում:

«Մեր MQ-9 թռչող սարքն իրականացնում էր սովորական գործողություններ միջազգային օդային տարածքում, երբ այն կալանվեց և խոցվեց ռուսական ինքնաթիռների կողմից, ինչի հետևանքով MQ-9-ը կործանվեց և լիովին ոչնչացավ», - հայտարարել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատար, գեներալ Ջեյմս Բ. Հեքերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի և դաշնակիցների օդանավերը կշարունակեն գործողություններ իրականացնել միջազգային օդային տարածքում: Գեներալ Ջեյմս Բ. Հեքերը ռուսական կողմին կոչ է արել իրենց «պրոֆեսիոնալ կերպով պահել»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է բախման մասին տեղեկությունը և պնդում, որ անօդաչու թռչող սարքն անջատված հաղորդիչներով թռչում էր դեպի Ղրիմի թերակղզի։

«Կտրուկ մանևրման արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 9:30-ին MQ-9 անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել՝ կորցնելով բարձրությունը և բախվելով ջրային մակերևույթի հետ», - նշվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում:

Գերատեսչությունը հավելել է, որ ռուսական կործանիչները սպառազինություն չեն գործածել, ԱԹՍ-ի հետ շփման մեջ չեն մտել և բարեհաջող կերպով վերադարձել են տեղակայման օդանավակայան:

Միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կանչվել է ԱՄՆ պետքարտուղարություն: Նա միջադեպը որակել է որպես սադրանք: Ըստ ՌԴ դեսպանի՝ ամերիկյան ԱԹՍ-ները հետախուզական տվյալներ էին հավաքագրում, որոնք հետագայում Կիևն օգտագործում է ռուսական ուժերին և ՌԴ տարածքին հարվածելու համար:

Իր հերթին New York Times-ը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրներին, նշում է, որ MQ-9 ԱԹՍ-ներն ունակ են կրելու Hellfire հրթիռներ, սակայն տվյալ անօդաչուն զինված չի եղել և իրականացնելիս է եղել հետախուզական առաքելություն Ղրիմից 120 կմ դեպի հարավ-արևմուտք: ԱԹՍ-ն երկինք էր բարձրացել Ռումինիայի տարածքի ավիաբազայից:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են միջադեպի մասին: