Դավիթ Ղազինյանը ձև չունի ՀԷՑ-ում մնալու․ Ռոմա...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանին կոչ է անում ազատման դիմում գրել, այլապես իր առաջին հրամանը լինելու է Ղազինյանին ազատելու որոշման մասին։ Պետրոսյանը նաև հայտարարել է, որ կառույցում այս պահին որևէ մասսայական ազատում չի նախատեսվում։

Այս մասին Ռոմանոս Պետրոսյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, որ ավելի վաղ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի՝ «մենք մեր ձևերով կմնանք» կառույցում արտահայտությանը, ՀԷՑ-ի հետագա աշխատանքներին և աշխատակիցների հնարավոր ազատումներին։ 

«Մասնավորապես Դավիթ Ղազինյանը ձև չունի մնալու, որովհետև ՀԷՑ-ը հենց այս վիճակին հասցնողներից մեկը, կարծես թե, հենց նույն պաշտոնյան է։ Մի բան ակնհայտ է, վերջին շաբաթներին ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի արած հայտարարությունները, այդ թվում՝ նաև այս գործընթացը կասկածի տակ առնելու մասով, գործընթացի իրավականությունը, լեգիտիմությունը տորպեդահարելու մասով, ինձ համոզմունք են տվել, որ վստահության խնդիր կա այստեղ, և ես, օգտվելով իմ լիազորություններից, բնականաբար այս պահին արդեն կոչ կանեմ պարոն Ղազինյանին ազատման դիմում գրել և հեռանալ, այլապես իմ առաջին հրամանը լինելու է վստահության գործի հիմքով՝ պարոն Ղազինյանին ազատելու իր այսօրվա կարգավիճակից։ Մյուսների մասով կաշխատենք, կծանոթանանք, կքննարկենք»,-ասել է Պետրոսյանը։

Վերջինիս խոսքով՝ իր որոշումները լինելու են հանուն Հայաստանի Հանրապետության և հանուն ՀՀ քաղաքացու։ 

«Թափանցիկ գործելաոճ են որդեգրելու ձեզ հետ պարբերաբար շփվելու ենք ՀԷՑ–ում տեղի ունեցած տարբեր երևույթների մասին նախորդ տարիներին, այդ թվում՝ գնումների գործընթացների կազմակերպման, մատակարարումների, սակագնի վրա ազդող այլ գործոնների հետ կապված գործընթացների, որոնց մասով ես, որպես ժամանակավոր կառավարիչ, ունեմ իմ ճանապարհային քարտեզը»,-ասել է Պետրոսյանը։ 

Նա նաև պարզաբանել է, որ ՀԷՑ-ի հետ կապված գործընթացները սկսել են դեռևս ամիսներ առաջ, գրեթե մեկ տարի առաջ՝ Ազգային ժողովում լսումներով, որի հետևանքով երկու բարձրաստիճան պետական պաշտոնյա է ազատվել աշխատանքից։ 

«Խնդրում եմ չմոռանաք, այս գործընթացի սկիզբը դրվել է դրանով։ ՀԾԿՀ նախորդ նախագահը երկրորդ շրջանի պաշտոնավարման հենց սկզբից լքել է իր պաշտոնը, ինչպես նաև մոտ ութ, ինը ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵՆ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել և գործընթացները, բնականաբար, ինստիտուցիոնալ հարթակներում մինչև մայիս վարչապետի հայտնի հանձնարարականը գործադիրի լիազոր մարմնի ղեկավարին՝ ՏԿԵՆ նախարարին՝ ոլորտում շեշտակի փոփոխությունների անհրաժեշտության մասին, առհասարակ, քաղաքական որևէ մեսիջ չէր հնչում, և, կարծես թե սեփականատերերն այդ ամբողջ գործընթացի կուլմինացիան, վերջնարդյունքը կանխազգալով, պրոցեսը տարան քաղաքական դաշտ։ Խնդրում եմ այս գործընթացը որևէ կերպ չքաղաքականացնել, որովհետև դա քննադատության չի դիմանում»,-ասել է Ռոմանոս Պետրոսյանը։ 

Վերջինս նաև ընդգծել է, որ Դավիթ Ղազինյանը հիմա ի պաշտոնե իր ենթական է, և Ղազինյանի Ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները դադարել են դեռևս ուրբաթ օրը՝ ժամը 18:00, երբ ծանոցումը ստացել է։ 

Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ում այս պահին որևէ մասսայական ազատում չի նախատեսվում։

«Ազատումներ կլինեն թոփ մենեջմենթի շրջանակներում։ Կոնկրետ անձինք, որոնց ղեկավարման արդյունքում ՀԷՑ ընկերությունը, որը ավելի քան 3 միլիոն բաժանորդի կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդեցություն ունի, և շուրջ 1.1 միլիոն պաշտոնական բաժանորդ ունի, հասցրել են այս վիճակին, որ պետությունը ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Բնականաբար, դա կլինի իրենց նվազագույնը իրենց աշխատանքային պատասխանատվությունը, բայց մասնագետները, էներգետիկ համակարգի այն վաստակաշատ գործընկերները, ովքեր որ պիտի այս ընթացքում և առհասարակ հետագայում ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը, մեր հանրապետությունում ապահովեն էլեկտրամատակարարման անխափան աշխատանքը խոշոր բիզնեսին, ՓՄՁ-ներին, քաղաքացիներին, բնակիչներին, միջին վիճակագրական սպառողին, իրենց աշխատանքը մենք հարգում ենք, և ես իրենց պաշտոնապես այս պահին, խնդրում եմ և հորդորում եմ իրենց աշխատանքը իրականացնել պատշաճ, աշխատանքային օրենսգրքի, պաշտոնի անձնագրերի պահանջներին համապատասխան»,-նշել է Պետրոսյանը՝ հորդորելով աշխատակիցներին չդիմել սաբոտաժի, քանի որ ինքն անձամբ հետամուտ է լինելու ցանկացած այդպիսի դրսևորվման։

Ռոմանոս Պետրոսյանն իր խոսքում նաև նշել է, որ խոշոր գործարարները, սեփականատերերը, որոնց սեփականության իրավունքը Հայաստանում երաշխավորված է նաև Սահմանադրությամբ, նրանք ծառայությունների ոլորտում բնական մենաշնորհ ունեցող էլեկտրաբաշխիչ ցանցերի գործոնեություն ծավալող ընկերությունները լիցենզիա ստանալիս տվել են համաձայնություն, որ իրավիճակներ կարող են լինել, երբ պետությունը, լիազոր մարմինները, այդ թվում՝ նաև ՀԾԿՀ–ն, որը սահմանադրական մարմին է, կարող է միջամտություններ անել և կանխարգելիչ միջոցառումներ անել տվյալ մարմնում։ 

«Դա լիցնեզիայի պահանջներից մեկն է եղել։ Եվ ահա այդ լիցենզիայի պահանջի կատարում է նաև իրականացվում այս պահին, որևէ արտառոց բան չկա դրանում։ Ես վստահ եմ, որ խոշոր գործարարը ինքն էլ տեղյակ է այս գործընթացներից։ Իմ գործողությունները բխում են բացառապես ոլորտը կարգավորող օրենքներից»,-պարզաբանել է Ռոմանոս Պետրոսյանը։