ՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի մի շարք օբյեկտների...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 4-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի մի շարք ռազմական և ենթակառուցվածքային օբյեկտների։

ՌԴ ՊՆ-ի փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզում թիրախավորվել են մետալուրգիական արդյունաբերության գործարան և կոմբինատ, որոնք, ըստ ռուսական կողմի, ապահովել են ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքը։ Նույն հաղորդագրության համաձայն՝ Նիկոլաևի մարզում խոցվել են զենքի պահեստավորման լոգիստիկ կենտրոն և էլեկտրական ենթակայան, իսկ Օդեսայի մարզում՝ սպառազինություն տեղափոխող չորաբեռնատար նավ և լոգիստիկ կենտրոն։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ սեպտեմբերի 4-ի երեկոյան Կիևի մարզում հարված է հասցվել ռադիոտեխնիկական հետախուզության կենտրոնի։ Բացի այդ, ըստ ՌԴ ՊՆ-ի, նույն մարզում թիրախավորվել են լոգիստիկ կենտրոն, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի համար վառելիքի պահեստավորման և բաշխման տարածք։

Միևնույն ժամանակ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, որ ռուսական հարվածների հետևանքով Դնեպրոպետրովսկի մարզի Կամենսկոյե քաղաքում վնասվել է արդյունաբերական ձեռնարկություն, ինչի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։

Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ Կիևի մարզի Բորիսպոլում ևս հարվածների հետևանքով վնասվել է քաղաքացիական ենթակառուցվածք, և երկու մարդ վիրավորվել է։