Ուրախ էի զրուցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դրա մասին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
«Քննարկել ենք մեր երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։ Բարձր եմ գնահատում նրա դրական տրամադրվածությունը»,- նշել է նա։
Ինչպես հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևը գոհունակությամբ հիշել է Բիշքեկում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումն ու դրա ընթացքում անցկացված կարծիքների փոխանակումը։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակի շուրջ հանգամանալից մտքերի փոխանակում, ընդգծվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման լայն հնարավորությունների առկայությունը։
Նշվել է, որ Ադրբեջանն ու Հնդկաստանը, լինելով Գլոբալ Հարավի մաս, մի շարք միջազգային օրակարգային հարցերի շուրջ հանդես են գալիս նման դիրքերից, այդ թվում՝ Գլոբալ Հարավի երկրներին հուզող հարցերում։ Այդ համատեքստում քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։



