Քրեական ենթամշակույթ կրողի կարգավիճակ ունենալ...

Այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված [քրեական ենթամշակույթ կրողի] կարգավիճակ ստանալու, տալու, պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը, այսինքն՝ կարգավիճակ ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործություն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, թե ՆԳՆ-ն ինչ աշխատանք է կատարում քրեական ենթամշակույթը քաղաքացիների միջից արմատախիլ անելու համար:

«Վարչապետի հանձնարարականով մշակված է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն, որն առաջիկա օրերին կհանրայնացվի, որով կարգավիճակ ունենալն ինքնին կդիտարկվի որպես քրեական պատասխանատվության առարկա: Սրանով կկարողանանք փոփոխություն մտցնել պրակտիկայում որոշակի առումով, որովհետև այն ապացուցման շեմը, որն այս պահի դրությամբ առաջարկվում է պահպանման տրամաբանության մեջ, շատ ավելի հեշտ կլինի` ապացուցելու համար կարգավիճակի գոյության կոնտեքստում»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ հանցավորության կանխարգելման մեթոդաբանության փոփոխության առումով էլ խնդիր կա, ուստի հանցավորության կանխարգելման նոր ռազմավարություն է մշակվելու:

«Խնդիր ունենք օպերատիվ-հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետև շատ հաճախ օպերատիվ տեղեկությունով կարող են լինել այնպիսի տվյալներ, որոնք, այո՛, կարող են վկայել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պիտի քրեական հետապնդում հարուցվի, շատ կարևոր է տվյալը վերածել ապացույցի: Պրակտիկայում ունենում ենք խնդիրներ հենց այս մասով»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ 2020-2024 թվականներին այս մասով 89 քրեական վարույթեր են եղել: