Սիմոնյան, թե Քոչարյան․ ով հրաժարական կտա․ Փաշ...

Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններից հետո փորձում էր 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմամբ մարել իր մեղքերը և ստեղծել տպավորություն, թե մեղավոր են միայն զինվորականները, իսկ ինքը փորձել է անել ամեն ինչ, որպեսզի պարտություն չլինի։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հենց այս գործին էր լծվել, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը՝ նրանք չկարողացան Փաշինյանի ուզած պատկերը ստանալ։ Ավելին, եղան տեղեկություններ, որ հանձնաժողովին փոխանցվել են այնպիսի տվյալներ, որոնց հիման վրա Փաշինյանի դեմ անպայման պետք է քրեական գործ հարուցվեր։

Առաքելության տապալումից հետո առերևույթ խնդիր դրվեց անել ամեն բան, որպեսզի զեկույցը լայն հանրությանը չհասնի։ Ահա այստեղ էր, որ Ալեն Սիմոնյանն ու Անդրանիկ Քոչարյանը սկսեցին թատրոն խաղալ զեկույցի ներկայացման ժամանակացույցի շուրջ։ Հոկտեմբերի 1-ին Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու իրավական հիմք չկա։ Անդրանիկ Քոչարյանն էլ դեմ էր փակ նիստում քննարկելուն։ Ի վերջո փաստաթուղթը «խիստ գաղտնի» գրիֆով ուղարկվեց ԱԺ հատուկ բաժին և ոլորտի մասնագետները, իրավաբանները, հանրությունը չեն կարող ծանաոթանալ դրան։

Եթե այս թատրոնը Նիկոլ Փաշինյանի պատվերով չէր, ապա նման կարևորագույն հարցին առնչվող զեկույցի հանրայնացման առաքելությունը տապալելու համար պետք է պաշտոնանկ արվի կամ Ալեն Սիմոնյանը, կամ Անդրանիկ Քոչարյանը։ Հակառակ դեպքում կարելի է վստահ ասել, որ Փաշինյանը վախենալու բան ունի և հենց իրեն պետք չէր զեկույցի հրապարակումը։