Քննարկվել են ԱՄՆ-ում կիրառվող երեխայի զարգացմ...
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների մանկական առաջատար երկու հիվանդանոցների ներկայացուցիչներին:
 
Ինչպես հայտնում են առողջապահության նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ում արդեն իսկ կիրառվող` երեխայի զարգացման գնահատման նոր գործիքի առավելությունները և Հայաստանում ներդրման հնարավորությունները: Ներկայացվել են նաև «Երեխաների զարգացման և բարեկեցության հարցաշարի» (SWYC) Հայաստանում փորձնական կիրառման արդյունքները:
 
Երեխայի նոր հմտությունների ձեռքբերումը և կատարելագործումը, դրա գնահատումն ու խնդիրների վաղ հայտնաբերումը կարևոր են վաղ միջամտության կազմակերպման և հաշմանդամության կանխարգելման համար:
 
«Բժշկագիտության սրընթաց զարգացմանը զուգահեռ վերանայվում են երեխաների աճի և զարգացման գնահատման մոտեցումները և նախապատվությունը տրվում է առավել ինֆորմատիվ, արդյունավետ և կիրառելի մեթոդներին, որոնք կարող են նպաստել զարգացման խնդիրների վաղ հայտնաբերմանը, այնուհետև վաղ միջամտության իրականացմանը»,- նշել է Արմեն Գասպարյանը` կարևորելով զարգացման գնահատման նոր գործիքի ներդրումը:
 
Զարգացման գնահատումն իրականացվում է տարբեր մակարդակներում և սկսվում է առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություններից: