Հերթական «ռազբորկան»՝ Երևանում. դեպքի վայրում...

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան» է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի խճուղուց դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ «Մետալ բազա» ընկերության հարևանությամբ գտնվող տարածքում, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունենում, որի ժամանակ հնչել են կրակոցներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Դեպքի վայրում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններից կրակված պարկուճներ, գնդակ, բիտաներ, արնանման հետքեր, կոտրած շշեր, քարեր։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, ճշտվում է մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև ովքեր են կրակոցների հեղինակները։

Պարզվում է նաև՝ արդյոք միջադեպի հետ կապված հիվանդանոցային ահազանգեր եղել են, թե ոչ։