Կիևը պատրաստ է «էներգետիկ հրադադարի»․ Զելենսկ...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ «էներգետիկ հրադադարի»։ Ինչպես հայտնում է theguardian-ը, Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան փոխադարձաբար դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ համակարգի դեմ հարձակումները։ Նա ընդգծել է, որ Թրամփն իրեն չի առաջարկել միակողմանիորեն դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։ Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստ է Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպման՝ պատերազմի կարգավորումը քննարկելու համար։ Միաժամանակ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ Թրամփի հետ քննարկել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար լրացուցիչ հրթիռների մատակարարումը, սակայն Վաշինգտոնից դեռ հստակ պատասխան չի ստացել։ «Նրանք դրական են տրամադրված մեզ օգնելու հարցում, բայց ես շատ կոնկրետ պատասխան չստացա»,- ասել է Զելենսկին։ Արևմտյան լրատվամիջոցների տվյալներով՝ ԱՄՆ-ը ներկայում Patriot հրթիռների գլոբալ պակաս ունի, քանի որ դրանց զգալի քանակ օգտագործվել է Մերձավոր Արևելքում՝ ամերիկյան և դաշնակիցների օբյեկտներն իրանական հարձակումներից պաշտպանելու համար։