Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարՍմբատ Սաիյանիխորհրդարանում ներկայացնում էր Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25 500 դրամը։ Այսինքն՝ դրանից ցածր կենսաթոշակ երկրում չի կարող լինել։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս նախաձեռնությունը պետական բյուջեի վրա արժենալու է լրացուցիչ 800 մլն դրամ ծախս։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հիշեցրեց՝ 2023-ին կառավարությունը ծրագրում է վերացնել Հայաստանում ծայրահեղ աղքատությունը և հետաքրքրվեց՝ սա հարցի ո՞ր տոկոսն է լուծում․«Հնարավոր չէ՞ր եթե գնում ենք տնտեսական հեղափոխության ու սպասում ենք ՀՆԱ-ի աճի, ապա 0.1 տոկոսն ի՞նչ էր իրենից ներկայացնում, որ չենք դնում ու կտրուկ բարձրացնում՝ 32 հազար դրամ, այսինքն՝ ավելի արագ առաջ գնանք», - հետաքրքրվեց պատգամավորը։
Փոխնախարարն ի պատասխան ասաց, որ քննարկելու հարց է՝ բարձրացնել կենսաթոշակների չա՞փը, թե վերանորոգել միջհամայնքային որևէ ճանապարհ․«Թերևս քննարկվի ու հասկացվի՝ արդյոք նպատակահարմար է Իջևանի շրջանի որևէ ճանապարհահատված վերանորոգե՞լ, թե՞ կենսաթոշակառուների թոշակների չափերը բարձրացնել», - հավելեց փոխնախարարը։
Փոխնախարարի պատասխանը ակնհայտորեն վրդովեցրեց պատգամավորին, և Մելքումյանը հորդորեց քաղաքական հասունություն ցուցաբերել։ «Սոցիալական հարցերը երբեք մի հակադրեք արտադրական բնույթի հարցերին։ Իսկ ո՞վ է ասել, որ ՀՆԱ-ի 0.1 տոկոս աճը ուղղել կենսաթոշակներին, նշանակում է Իջևանում կամ ինչ-որ այլ տեղ ճանապարհ չկառուցել։ Քաղաքական հասունություն պետք է ունենալ, որ մեկը մյուսին չհակադրել», - արձագանքեց Մելքումյանը։