Քաղաքացիները փրկել են 34-ամյա տղամարդու կյանք...

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Ժամը 12:25-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրենց ցած նետել։

Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժով կարողացել են կանխել այդ տղամարդու ինքնասպանության փորձը և նրան քաղաքացիները վտանգավոր եզրագծից դուրս են բերել անվտանգ վայր, ապա ժամանած փրկարարներն ու պարեկները զրույց են ունեցել նրա հետ, ով եղել է ոչ սթափ վիճակում, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախնական տեղեկություններով, քաղաքացիների կողմից փրկված տղամարդը Երևանի բնակիչ 34-ամյա Հայկ Ա.-ն է։