Պուտինը ստորագրել է Ռուսաստանում կրիպտոարժույ...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը երկրում առաջին անգամ սահմանում է թվային արժույթների և թվային իրավունքների շրջանառության համապարփակ կարգավորում, հայտնում է ТАСС-ը։

Փաստաթուղթը սահմանում է կրիպտոփոխանակիչների, թվային դեպոզիտարիաների և շուկայի այլ մասնակիցների գործունեության կանոնները, ինչպես նաև որոշում է ներդրողների կողմից կրիպտոարժույթների գնման կարգը։

Ըստ օրենքի՝ թվային արժույթների փոխանակմամբ կկարողանան զբաղվել միայն այն կազմակերպությունները, որոնք ներառված են հատուկ ռեեստրում։ Նրանց համար մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը նախատեսված է անցումային շրջան, որի ընթացքում նրանք կկարողանան գործել առանց ռեեստրում գրանցվելու։ Այդպիսի ընկերությունների սեփական միջոցների նվազագույն ծավալը պետք է կազմի 15 միլիոն ռուբլի։

Օրենքը միաժամանակ պահպանում է Ռուսաստանում ապրանքների և ծառայությունների վճարման միջոց կրիպտոարժույթի օգտագործման արգելքը։ Արգելվում է նաև թվային արժույթներով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վճարելու հնարավորության գովազդը։

Միաժամանակ նախատեսված են բացառություններ․ կրիպտոարժույթները հնարավոր կլինի օգտագործել ռուսաստանյան և օտարերկրյա մասնակիցների միջև արտաքին առևտրային հաշվարկներում, մայնինգի արդյունքում ստացված ակտիվների հետ գործառնություններում, ինչպես նաև միջնորդավճարների վճարման և թվային ֆինանսական ակտիվների հետ գործարքների համար։

Բանկերը կստանան փոխանցումներն արգելափակելու իրավունք, եթե կասկածեն, որ գործառնություններն իրականացվում են թվային արժույթների փոխանակման չլիազորված կազմակերպությունների միջոցով։

Ներդրողների համար օրենքը սահմանափակումներ է մտցնում։ Չորակավորված ներդրողները կկարողանան միջնորդների միջոցով գնել առավել իրացվելի կրիպտոարժույթներ՝ յուրաքանչյուր միջնորդի մոտ տարեկան մինչև 300 հազար ռուբլու չափով։ Որակավորված ներդրողները կկարողանան ձեռք բերել ցանկացած թվային արժույթ՝ առանց նման սահմանաչափի։

Կրիպտոարժույթների հետ գործառնություններին հասանելիություն ստանալու համար ներդրողները պետք է անցնեն հատուկ թեստավորում։ Որակավորված ներդրողի կարգավիճակ հնարավոր կլինի ստանալ նաև թվային ակտիվների հետ գործարքներ կատարելու փորձի հիման վրա։

Օրենքի հիմնական դրույթներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Փոխանցումների սահմանափակումներին, թվային դեպոզիտարիաների գործունեությանը և թվային ֆինանսական ակտիվների շրջանառությանը վերաբերող առանձին նորմերը կսկսեն գործել 2027 թվականին։