Պուտինը նորից ապտակել է Էրդողանին. ինչ է կատա...

Ինչպես արդեն հայտնի է, ռուսական ռազմական ավիացիան հզոր ավիահարվածներով ոչնչացրել է սիրիական Պալմիրայի մոտակայքում գտնվող գրոհայինների բազան՝ ավելի քան 200 գրոհայինով, մեծ քանակի զենք զինամթերքի պահեստներով ու ռազմական տրանսպորտային միջոցներով։

Պաշտոնական տեղեկատվության համափայն, ռուս զինվորականները տեղեկացել են գրոհայինների քողարկված բազայի մասին եւ ստուգելուց հետո տեղեկությունները օդային հարվածներով ոչնչացրել այն։ Ոչնչացվել է մեծ քանակությամբ զինամթերք եւ ռազմական տրանսպորտային միջոցներ։ Բազայում գրոհայինները ապագա ահաբեկիչների են մարզել, որպեսզի հետո գործուղեին Սիրիայի տարբեր վայրեր ահաբեկչություն իրականացնելու։

Իհարկե, այս գործողությունը կհամարվի հակաահաբեկչական պայքարի մի մաս, սակայն ուշագրավ է այն, որ Ռուսաստանը այս հարձակումն իրականացնում է Դոնբասում լարվածության աճի ֆոնին եւ այն, որ այս հարվածը հատուկ մեսիջ ունի իր մեջ, կասկածից դուրս է։ Սակայն ով է այդ մեսիջի հասցեատերը։ Առաջին հերթին Թուրքիան, որովհետեւ որքան կարելի է հասկանալ, խոսքը թուրքամետ գրոհայինների մասին է, որոնք հովանավորվում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի կողմից եւ հանդիսանում են Էրդողանի քաղաքական խաղերի գործիքակազմի գործիքներից։ Արդեն երկրորդ անգամ վերջին երկու շաբաթում, թերեւս, Մոսկվան փաստորեն բավական հետաքրքիր ու պերճախոս ուղերձներ է փոխանցում Անկարային՝ նախ Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը ժամանակավոր փակելով՝ մինչեւ հունիսի մեկը՝ համաճարակային իրավիճակը հաշվի առնելով եւ ապա՝ արդեն Սիրիայում ավելի քան 200 գրոհային ոչնչացնելով։

Հետաքրքրական է այստեղ այն, որ օդային հաղորդակցության ժամանակավոր փակման մասով Անկարայում ամեն կերպ ձգտում են հավաստիացնել, որ այն քաղաքական ենթատեքստ չունի, եւ զուտ առողջապահական հիմք ունի։ Մյուս հետաքրքրական պահն այն է, որ Սիրիայում գրոհայինների դեմ ավիահարվածները հասցվեցին այն բանից հետո, երբ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախազգուշացրեց մի շարք երկրների, այդ թվում Թուրքիային՝ զերծ մնալ Դոնբասի պահով Կիեւի ռազմատենչ կեցվածքը քաջալերելուց, ինչին Թուրքիան իրեն հատուկ կեղծավորությամբ հայտարարեց, որ Կիեւին «Բայրաքտարների» վաճառքում «անձնական ոչինչ չկա, միայն բիզնես» է եւ իրենց չեզոքություն են պահպանում Դոնբասի հարցում։

Թուրքիան ըստ էության մեսիջը հասկացել է։ Հասկացել է այն, որ Մոսկվան դժգոհ է Զելենսկուն ցույց տված այդքան սիրառատ ընդունելությունից, հակադոնբասյան ու հակաղրիմյան հայտարարություններից, եւ հասկացնում է, որ նման քայլերը անհետեւանք չեն կարող մնալ, ու որքան էլ Մոսկվա-Անկարա հարաբերություններում «մեղրամսային» վիճակ լինի, այնուհանդերձ, կան կարմիր գծեր Անկարայի համար, որոնց կհաջորդի արդեն «ռուսական մտրակի» ուժը։ Ըստ էության կարող ենք ասել, որ Պուտինը երկրորդ ապտակն է հասցնում Էրդողանին վերջին երկու շաբաթում, որի գինը այս անգամ թուրքամետ 200 գրոհայինի կյանքն է։ Առաջինի գինն էլ հայտնի է՝ թուրքական տուրբիզնեսի շոկը՝ օդային հաղորդակցության ժամանակավոր արգելքից հետո եւ կորցնելիք միլիոնների ցավը։