Պուտինը «լուրջ» է անվանել Գրենլանդիան միացնել...

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «լուրջ» է անվանել Գրենլանդիան միացնելու ԱՄՆ ծրագրերը և հայտարարել, որ սխալ է դրանք արտառոց համարելը։ Այս մասին նա ասել է՝ մարտի 27-ին ելույթ ունենալով Արկտիկական միջազգային ֆորումում։

«Բոլորը գիտեն Գրենլանդիան միացնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին: Գիտեք, սա կարող է ինչ-որ մեկին զարմացնել միայն առաջին հայացքից: Եվ խորապես սխալ է կարծել, որ դրանք ամերիկյան նոր վարչակազմի արտառոց խոսակցություններն են: Ոչ մի նման բան», - Պուտինի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ըստ Պուտինի՝ խոսքը գնում է «Գրենլանդիայի հետ կապված ամերիկյան կողմի լուրջ ծրագրերի մասին»։

«Այդ ծրագրերը վաղեմի պատմական արմատներ ունեն, և ակնհայտ է, որ ԱՄՆ-ն կշարունակի սիստեմատիկ կերպով առաջ մղել աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և տնտեսական շահերն Արկտիկայում: Ինչ վերաբերում է Գրենլանդիային, ապա դա վերաբերում է երկու կոնկրետ պետության և մեզ հետ կապ չունի», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն նման ծրագրեր ուներ դեռևս 1860-ականներին։ Նույնիսկ այն ժամանակ, հիշեցրել է ՌԴ նախագահը, ամերիկյան վարչակազմը դիտարկում էր Գրենլանդիան և Իսլանդիան ԱՄՆ-ին միացնելու հնարավորությունը։

«Սակայն այդ գաղափարն այն ժամանակ չստացավ Կոնգրեսի աջակցությունը: Հիշեցնեմ, որ 1868 թվականին ամերիկյան թերթերը ծաղրում էին Ալյասկայի գնումը: Այն անվանում էին խելագարություն, «սառցե տուփ» և այն ժամանակվա ԱՄՆ նախագահ «Էնդրյու Ջոնսոնի բևեռային արջերի այգի»: Բայց Գրենլանդիայի վերաբերյալ նրա առաջարկները ձախողվեցին», - ասել է Պուտինը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է Դանիային պատկանող կղզին վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը: