
Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի մայրաքաղաք Պոտսդամի աշխարհահռչակ Սան Սուսիի զբոսայգին, որտեղ գտնվում է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ II Մեծի նախկին նստավայրը, դեռ բաց է հանրության առջև, սակայն 2026 թվականից նախատեսվում է մուտքավճար սահմանել՝ օրական երեք եվրո մեծահասակների համար կամ զեղչով երկու եվրո որոշ կատեգորիաների այցելուների համար:
Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով Պոտսդամի քաղաքային իշխանությունների և Բեռլինի և Բրանդենբուրգի պրուսական պալատների ու այգիների հիմնադրամի (SPSG) ներկայացուցիչներին։
Ամեն տարի Պոտսդամի այս տեսարժան վայր են այցելում միլիոնավոր մարդիկ՝ զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից և քաղաքի բնակիչներ: Սան Սուսիի զբոսայգին և պալատը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ավելի քան տասը տարի հիմնադրամը տարեկան 800 000 եվրո է ստացել Պոտսդամի քաղաքային բյուջեից՝ Բարոկկոյի դարաշրջանի այգեգործական արվեստի ակնառու հուշարձանի պահպանման համար, նախկինում գումարն ավելի մեծ էր և կազմում էր մեկ միլիոն եվրո:
Սակայն բյուջետային խնդիրների և ծախսերը խնայելու անհրաժեշտության պատճառով հաջորդ տարի քաղաքային իշխանությունները մտադիր են ամբողջությամբ չեղարկել հիմնադրամի սուբսիդավորումը։ Այս ծրագրերի հետ կապված՝ SPSG-ի դիտորդական խորհուրդն արդեն քննարկել է մուտքի վճարի ներդրման մանրամասները և նախնական որոշում կայացրել այդ մասին։
Պոտսդամի շատ բնակիչներ պարբերաբար հանգստանում են այս այգում, զբոսնում իրենց երեխաների հետ։ Այստեղ թույլատրվում է հեծանիվ վարել, նաև շների հետ զբոսնել։