Պետք է գնահատենք, թե պետական դավաճանության դե...

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը մանրամասներ է հայտնել 44–օրյա պատերազմի առնչությամբ հարուցված քրեական վարույթներից:

 Պողոսյանը թեմային անդրադարձավ ԱԺ–ում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին: 

«44–օրյա պատերազմի ընթացքում ունենք բազմաթիվ քրեական վարույթներ՝ հարուցված տարբեր հանցատեսակներով՝ սկսած անփութությունից, պաշտոնական լիազորություններն անցնելուց մինչև պաշտոնական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել և այլն: Այդ վարույթները հիմնական բաժանել ենք մի քանի ուղղությունների՝ սկսած բարձրաստիճան սպաներից, վերջացրած զինվորով: Մենք հետևանքի տեսանկյունից յուրաքանչյուր գործողություն գնահատել ենք»,–ասաց Պողոսյանը:

Քննչական կոմիտեի նախագահը նշեց, որ արդեն իսկ կան որոշակի քրեական վարույթներ, որ առանձին ուղղություններով բարձրաստիճան սպաների և հրամանատարների կողմից կատարված առերևույթ հանցանքներ հաստատվել են: 

«Եվ ըստ մեր գնահատման՝ անգործությունը կամ հենց այդ գործողությունն է բերել տվյալ ուղղությամբ ձախողման: Մենք ունենք մեղադրանքներ, որ վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ տվյալ բարձրաստիճան զինվորականի գործողությունների արդյունքում ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլ նաև հետագայում ամբողջ պաշտպանական շղթան ձախողվել է, և ունենք կոնկրետ հետևանքներ: Այս ուղղությամբ ունենք բավարար թվով ապացույցներ»,–ասաց նա:

Պողոսյանը կարևորեց առանձին ուղղությունները գնահատել համակարգային:

«Մենք ունենք նաև մեծ քրեական վարույթներ, որ դատարան ենք ուղարկել: Օրինակ՝ պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք: Պետք է գնահատենք, թե վերջնարդյունքում որքանով է պետական դավաճանությունը՝ տվյալ անձի կողմից կատարված արարքը, ազդել կոնկրետ ուղղության վրա հետևանքի առումով»,–ասաց ՔԿ նախագահը:

Քրեական վարույթները քննվում են գաղտնի ռեժիմով, ուստի Պողոսյանն այլ մանրամասներ չհաղորդեց:

«Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր ունենանք, հնարավորություն կստանանք նաև այս առումով գնահատել, թե որքանով են այս անձանց գործողությունները նաև պատերազմի արդյունքի վրա ազդել»,–նշեց Քննչական կոմիտեի նախագահը: