Գերմանիան պատրաստ է ներկա գտնվել Ստամբուլում...

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում մասնակցել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հնարավոր բանակցություններին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Կոռնելիուսը։

«Գերմանական կառավարությունը պատրաստ է ներկա գտնվելու (խմբ.՝ Ստամբուլում բանակցություններին)։ Դա ներկայում մշակվում է: Ըստ էության, խոսքը գնալու է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին: Սակայն առաջարկվելու է եվրոպացի գործընկերների աջակցությունը», - ասել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Միաժամանակ Կոռնելիուսը հայտարարել է, որ եթե հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի, ապա Ստամբուլում հնարավոր բանակցություններին մասնակցելու մասին որոշումը պետք է կայացնի Կիևը։

«Ռուսաստանի կողմից կա Ուկրաինայի հետ բանակցելու հստակ առաջարկ, Ուկրաինան պետք է որոշի՝ կընդունի՞ արդյոք այս ձևով բանակցելու առաջարկը», - ​​ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր Ուկրաինային վերսկսել ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին «առանց որևէ նախապայմանի»։ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել էր, որ մայիսի 12-ից ակնկալում է հրադադար Ռուսաստանի կողմից և անձամբ կսպասի Վլադիմիր Պուտինին՝ մայիսի 15-ին Թուրքիայում բանակցությունների համար։