Լեհաստանը մեղադրել է ռուսական հատուկ ծառայութ...

Վարշավայի ամենամեծ՝ Marywilska 44 առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը, որը տեղի էր ունեցել անցած տարվա մայիսին, կազմակերպվել է ռուսական հատուկ ծառայությունների հրահանգով։ Այս մասին նշվել է Լեհաստանի արդարադատության նախարար Ադամ Բոդնարի եւ ներքին գործերի նախարար Թոմաշ Սեմոնյակի համատեղ հայտարարությունում։ «Մեր հավաքած ապացույցների հիման վրա մենք գիտենք, որ հրդեհը ռուսական հետախուզական ծառայությունների կողմից պատվիրված հրկիզման արդյունք է»,- նշել են նախարարները։ Նրանք ընդգծել են, որ իրենք «խորը գիտելիքներ ունեն հրկիզման կարգի եւ ընթացքի մասին», ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես է այն «փաստաթղթավորվել» հանցագործների կողմից։ Հայտարարության հրապարակումից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստացել է պատժել հրկիզման մեջ ներգրավված բոլոր անձանց։ «Մեղավորներից մի քանիսն արդեն կալանավորվել են, մնացածը բացահայտված են եւ որոնվում են։ Մենք ձեզ բոլորիդ կգտնենք»,- գրել է Տուսկը X սոցցանցի իր էջում։ Խոշոր հրդեհը Վարշավայի Marywilska 44 առեւտրի կենտրոնում տեղի է ունեցել 2024թ. մայիսի 12-ին: Հրդեհը բռնկվել է միանգամից մի քանի վայրերում եւ արագ տարածվել շենքով մեկ՝ ամբողջությամբ կլանելով այն։ Հրդեհը շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Այն ժամանակ ոչ ոք չի տուժել, սակայն այրվել են սպասարկման ոլորտում գործող 1 400 խանութների եւ ձեռնարկությունների տարածքներ։ Միջադեպի հետաքննությանը մասնակցել են 55 դատախազներ եւ 100 ոստիկաններ, ինչպես նաեւ դատաբժշկական փորձագետներ եւ տեխնիկական մասնագետներ։ Հարցաքննվել են ավելի քան 70 վկաներ եւ 530 տուժողներ։ Մարտին Լիտվայի գլխավոր դատախազությունը մեղադրել էր ռուսական ռազմական հետախուզությանը 2024թ. գարնանը Վիլնյուսում IKEA խանութի հրկիզումը կազմակերպելու մեջ։ Գերատեսչության ղեկավար Արտուրաս Ուրբելիսը հայտնել է, որ հանցագործները երկու ուկրաինացիներ են՝ մոտ 18 եւ 20 տարեկան, որոնց խոստացել են 100 հազար եվրո եւ օգտագործված BMW մակնիշի ավտոմեքենա։ Կասկածյալները ձերբակալվել են Լիտվայում եւ Լեհաստանում, եւ որոշվել է նրանց դատել այս երկրներում։ Մեղադրյալներից մեկը ծրագրել էր նմանատիպ հրկիզում կատարել նաեւ Ռիգայում, նշել է Լիտվայի գլխավոր դատախազությունը։