
Մայիսի 12-ի վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ վերսկսվել են Մարմարիկում մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները։
ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և Ոստիկանությունից:
Անդրադառնալով երեխայի պապիկի հեռախոսահամարին ստացված զանգին, երբ երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել՝ ՆԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ ճշտվել է ահազանգողի ինքնությունը. երեխայի կորելու դեպքի հետ զանգը որևէ առնչություն չունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները: