
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 12-ին կկատարի իր առաջին արտասահմանյան այցը պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո: Նա նախատեսում է այցելել Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Քաթար և վերադառնալ ԱՄՆ՝ 1 տրիլիոն դոլար արժողությամբ գործարքներով: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով չորս ամերիկյան և երկու արաբական աղբյուրներ։
Նրանց խոսքով՝ Թրամփի այցը հիմնականում բիզնեսի վրա շեշտադրմամբ է լինելու, իսկ աշխարհաքաղաքական օրակարգը երկրորդ պլան է մղվելու:
Axios-ը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանն ավելի վաղ խոստացել էր 600 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում չորս տարվա ընթացքում։ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա առաջիկա գործարքները, ըստ Axios-ի, կներառեն առնվազն 100 մլրդ դոլարի ռազմական մատակարարումներ, ինչպես նաև էներգետիկ և ռեսուրսների գործարքներ:
Axios-ի աղբյուրներից մեկը պարզաբանել է, որ ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ սեփական առաջարկը կանի նաև Քաթարը։ Կատարի ներդրումները կարող են կազմել մինչև 300 մլրդ դոլար, ներառյալ երկրին Boeing առևտրային ինքնաթիռներ մատակարարելու և 2 միլիարդ դոլար արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր գնելու գործարքները: ԱՄԷ-ն մարտին հայտարարել էր, որ մեկ տասնամյակի ընթացքում նախատեսում է 1,4 տրիլիոն դոլարի ներդրում կատարել ԱՄՆ-ում: