ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի պաշտ...

ՊԵԿ նախկին նախագահ Վարդան  Հարությունյանի փաստաբանական խումբը տասնհինգօրյա ժամկետում պատրաստվում է Վճռաբեկ դատարան բողոքարկել վերաքննիչ դատարանի որոշումը, որով մերժվել է Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխելու վերաբերյալ բողոքը։

Վ. Հարությունյանի պաշտպան Արմեն Անդրիկյանի խոսքով, եթե ներպետական դատական ատյաններում կալանքի վերացման հարցը չլուծվի, իրենք կդիմեն Եվրոպական դատարան:

Ըստ փաստաբանի, տվյալ գործը իրավական ֆարս է հիշեցնում, քանի որ Վարդան Հարությունյանի անհիմն կալանավորումից հետո փորձ է արվում վերաբացել տարիներ առաջ փաստերի բացակայության հիման վրա փակված գործը։ Ավելին, նախկին վարույթով քննվել և արդեն իսկ հերքվել է Վարդան Հարությունյանի և «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապի առնչությունը։ «Այս տարիների ընթացքում տվյալ գործի հետ կապված որևէ նոր փաստ ի հայտ չի եկել։ Թե ինչու է գլխավոր դատախազը որոշել վերաբացել տվյալ գործը, առանց նոր ի հայտ եկած հանգամանքի, անհասկանալի է։ Պաշտոնական բացատրությունն այն է, որ նախորդ քննության ժամանակ որոշակի գործողություններ չեն իրականացվել։ Բայց սա ուղղակի աբսուրդ է։ Նման տրամաբանությամբ ցանկացած փակված գործ կարող է տարիներ հետո կամայականորեն վերաբացվել։ Այդ դեպքում ու՞ր են մնում պետության կողմից քաղաքացուն տրված երաշխիքները»,-  նշել է Անդրիկյանը։

Սեպտեմբերի 1-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը: Հիշեցնենք, որ Վարդան Հարությունյանը 2025թ. օգոստոսի 8-ին ապօրինի կալանավորվել է դեռևս 7 տարի առաջ քննված և կարճված քրեական գործի շրջանակներում: Վարդան Հարությունյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հետապնդումները սկսվել են հայ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումների ժամանակ վերջինին հրապարակային աջակցելուց անմիջապես հետո: