Պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբ...

Հունաստանի վերլուծական լրատվական Diplomatic Point գործակալությունը լույս է ընծայել հոդված, որում անդրադարձել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպված Հայաստանի Անկախության 33-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Ինչպես  հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հոդվածում տեղ են գտել նաև հատուկ լրատվական գործակալության համար Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի մեկնաբանությունները։

Միջոցառմանը, որը տեղի է ունեցել Աթենքի կոնսերվատորիայի պատմական շենքում, որը հանդիսանում է ժամանակակից Հունաստանի արվեստի ամենահին կրթական հաստատություններից մեկը՝ հիմնադրված 1871 թվականին, ներկա գտնվեցին Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, քաղաքական գործիչներ և բարձրաստիճան պաշտոնյաներ՝ արձագանքելով Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հրավերին՝ միասին նշելու Հայաստանի անկախության տոնը։

Դեսպան Մկրտչյանի ելույթը կենտրոնացած էր վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած զարգացումների, անկախության ճանապարհին առկա մարտահրավերների, Ադրբեջանի հետ տեղի ունեցող գործընթացների և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակի վրա։

Դեսպան Մկրտչյանը, արձագանքելով Diplomatic Point-ի խնդրանքին, մեկնաբանություններ տվեց միջոցառման վերաբերյալ, որտեղ մասնավորապես նշեց հետևյալը.

«Այսօր Հայաստանը նշում է իր անկախության օրը, որը շատ կարևոր է, քանի որ այն սահմանում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը, որը երբեք չպետք է կասկածի տակ դրվի: Սրանք բացարձակ արժեքներ են մեզ համար, և ամենուր սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության օր։ Մենք հրավիրում ենք մեր ընկերներին Անկախության օրը տոնելու՝ նշելով մեր ձեռքբերումները, սակայն միաժամանակ հիշեցնելով մինչ այժմ շարունակվող անարդարությունները...

...Այսօր, իհարկե, սեպտեմբերի 27-ն է։ Դա այն օրն է, երբ 2020 թ. սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում, և նաև անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին նոր հարձակում եղավ Ղարաբաղի վրա, իսկ մինչ այդ՝ 2022 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ հայկական տարածքների բռնազավթումը: Սեպտեմբերը դարձել է շատ խորհրդանշական ամիս։ Դա մի կողմից նշանավորում է մեր Անկախությունը, մյուս կողմից՝ ժամանակ առ ժամանակ հարձակումներ հայերի և Հայաստանի դեմ»:

Շարունակելով խոսքը դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է.

«Մենք պետք է ավելի զորեղանանք, քանի որ ունենք այնպիսի ընկերներ՝ ինչպիսիք են հույները և մի շարք այլ բարեկամներ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս։ Պետք է հնարավորինս ինքնաբավ լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել մեր դեմ ցանկացած հնարավոր ոտնձգություն։

Մյուս կողմից՝ մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ ուրախ կլինենք, եթե կարողանանք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Բայց այս ցանկությունը պետք է փոխադարձ լինի։ Ցանկությունը պետք է լինի նաև մյուս կողմում՝ Թուրքիայի։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա»։

«Ադրբեջանից ակնկալում ենք, որ մի կողմ կդնի Հայաստանի դեմ իր առավելապաշտական դիրքորոշումները: Ոչ մի տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ և ոչ մի նախապայման Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար չպետք է լինեն: Վերջերս լսեցինք, որ Ադրբեջանում Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ կա։ Սա ընդունելի չէ, սա դեմ է բոլոր այն համաձայնություններին ու պայմանավորվածություններին, որոնք մինչ այժմ ունեցել են կառավարությունները։

Այս համատեքստում ուզում եմ հիշեցնել Բաքվում պահվող հայ գերիների մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հայկական գրեթե 200 քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացման մասին։ Մենք ուզում ենք հասկացնել, որ այս անարդարությանը պետք է վերջ դրվի»:

Անդրադառնալով հայ-հունական հարաբերություններին՝ դեսպան Մկրտչյանը նշել է.

«Մենք մեծապես կարևորում ենք Հունաստանի հետ բարեկամությունն ու եղբայրությունը։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք կառուցում: Եվ այսօր Հունաստանի Ազգային պաշտպանության նախարարի, Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետի, մի շարք գեներալների և պաշտպանության ոլորտից բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությունը այդ մասին են վկայում։ Սա հաստատում է նաև այն փաստը, որ հունական կողմում կարող են տարաձայնություններ լինել տարբեր կուսակցությունների քաղաքական գործիչների միջև, ներքաղաքական հարցերում, սակայն Հայաստանի հարցում, ինչպես այդ մասին փաստեց հույն քաղաքական գործիչներից մեկը, քաղաքական գործիչների միջև կա բացարձակ կոնսենսուս, և դա պետք է հասկանալի լինի բոլորին։

Մենք այս փաստը շատ բարձր ենք գնահատում։ Սակայն մենք չպետք է ընդունենք հայ-հունական եղբայրությունը որպես ի վերուստ տրված բարիք, այլ ամեն օր բարելավենք ու ընդլայնենք այն, ինչի իրականացումը դիվանագետների և կառավարությունների գործն է, և դա հենց այն է, ինչի շուրջ մենք կենտրոնացած ենք»:

Ամփոփելով հոդվածը, հոդվածագիրը ընդգծել է Հայաստանի մայրաքաղաք Երևանի՝ որպես աշխարհի հնագույն քաղաքներից մեկի գեղեցկությունը ՝ պատմական հուշարձաններով, տեսարժան վայրերով և հարուստ հյուրընկալությամբ, այն ամենն, ինչ անհրաժեշտ է զբոսաշրջային շրջագայության համար: