Ներկայացվել է Հայաստանի նոր ժողովրդագրական ռա...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը մասնակցել է Հայաստանի նոր ժողովրդագրական ռազմավարական ծրագրի նախագծի ներկայացմանը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆլորենս Բաուերը, հայաստանյան և միջազգային կառույցների ու կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ։

Տեղական և միջազգային առաջատար ինստիտուտների և փորձագետների հետ սերտ համագործակցությամբ մշակված ռազմավարական ծրագիրը մի քանի տարվա մանրակրկիտ հետազոտությունների և վերլուծությունների արդյունք է, որը ներառում է ոլորտների լայն շրջանակ՝ ապահովելով դրա իրականացման և ազդեցության առումով ամբողջական մոտեցում:

Ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ ժողովրդագրության ռազմավարության նախագիծը ներառում է միգրացիոն բաղադրիչ։ Այն հանդիսանում է ուղենիշ նաև միգրացիայի կառավարման ռազմավարության համար, որը նախատեսված է մշակել առաջիկայում։ Վերջինս ներառելու է քաղաքացիության, ինտեգրման, միգրացիոն հոսքերի կառավարման տարրեր։

Ռազմավարությունը նախատեսում է կայուն և ներառական հասարակության զարգացում՝ ապահովելով, որ յուրաքանչյուր անհատ կարողանա իրացնել իր ներուժը։