Փաստաբան Արմենուհի Առաքելյանը մեղադրվում է կե...

Փաստաբանների պալատի անդամ Արմենուհի Առաքելյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարնում քննվող քրեական գործով ամբաստանյալ է։

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տվյալների համաձայն, Արմենուհի Յուրիկի Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Վարդուհի Ղազարյանի և Մամիկոն Խաչատրյանի կողմից կեղծ որդեգրում կատարելու միջոցով խնամքը ստանձնելու նպատակով 20.08.2018թ-ին ծնված Ն. Մ.-ի գնման փորձին:

Գործով հինգ ամբաստանյալ կա՝ երեխայի մայրը, տատը, փաստաբան Արմենուհին ու երեխային «որդեգրող» ամուսինները։ Գործը քննող դատավորը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Սուրենի Ֆարխոյանն է։

Փաստաբան Արմենուհի Առաքելյանին մեղադրանք է առաջադրված  ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2–րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ 34 հոդվածը սահմանում է հանցափորձը, իսկ 168 հոդվածի 2-րդ մասի 4-ր կետը սահմանում է.

«Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը` կեղծ որդեգրում կատարելու միջոցով պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ առանց դրա»։

Ուշագրավ է, որ բոլոր հինգ ամբաստանյալների նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին։ Երեքամյա երեխայի ճակատագրի հետ խաղալու մեջ մեղադրվող անձանցից որևէ մեկը անազատության մեջ չէ։

«Անալիտիկ»-ն այսօրվա հրապարակման մեջ կասկած էր հայտնել, որ Արմենուհի Առաքելյանի նկատմամբ կալանք չկիրառելու պատճառը գուցե իշխանությունների նկատմամբ տածած սերն է։

«Արմենուհի Առաքելյանը հանրությանը հայտնի է իշխանությունների նկատմամբ մեծագույն սիրով: Ասում են՝ նույնիսկ հայտարարում է, որ իր մեքենայով հեղափոխության օրերին փողոց է փակել: Միգուցե այդ հանգամանքով է պայմանավորված նման ծանր մեղադրանքի առկայությամբ տիկին Արմենուհու խափանման միջոցը ոչ թե կալանք, այլ չբացակայելու ստորագրություն ընտրելը: Օրինակ՝ պրոֆեսոր Չարչյանը երեխաներ չի վաճառել, սակայն գտնվում է բանտում»,-գրել է կայքը։ 

Սրա վերաբերյալ պարզաբանում ստանալու համար Panorama.am-ը զանգահարեց Առաքելյանին։ Վերջինը, լսելով, որ իր հետ լրագրող է խոսում, հարցն էլ վերաբերում է իր դեմ հարուցված քրեական գործին, գրեթե հիստերիայի մեջ ընկավ.

«Ես ոչ մի բան չեմ խոսում լրագրողների հետ»։
«Ինչո՞ւ»։
«Դա իմ իրավունք է, ու էլ չզանգեք ինձ այլևս»,-բղավեց նա ու անջատեց հեռախոսը՝ անպատասխան թողնելով հետագա բոլոր զանգերը։

Փաստաբանների պալատից հայտնեցին, որ փաստաբան Արմենուհի Առաքելյանի վերաբերյալ կարգապահական վարույթ չկա, իսկ արտոնագրի դադարեցման հիմք է դիտավորությամբ կատարված հանվագործության վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեխայի վաճառքի գործը ստացել է այս տարվա մայիսի 31-ին ու նույն օրը մակագրվել է Ֆարխոյանին։ Խորհրդանշական է, որ այն վարույթ ընդունվել հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը։ Դատաքննություն է նշանակվել հունիսի 21-ին։  Դատական վերջին նիստը, ըստ համակարգի, կայացել է օգոստոսի 20-ին։ Հաջորդը նշանակված է նոյեմբերի 18-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: