Երևանի կոնյակի գործարանը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ARARAT թանգարանում ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ համատեղելով իրենց փորձն ու ներուժը կրթության, ստեղծարարության, նորարարության և հայկական մշակութային ժառանգության զարգացման ու միջազգային ներկայացման ուղղություններում։
Համագործակցության առանցքում Հայաստանում ստեղծարար մտածողությունը խթանելու և նորարարական միջավայր ձևավորելու ընդհանուր տեսլականն է։
Հուշագիրը հատուկ անդրադարձ է կատարում նաև Թումոյի 15-ամյակին նվիրված միջոցառումների շարքին, որոնց շրջանակում ARARAT հայկական կոնյակը կունենա հատուկ ներկայացվածություն։ Այսպես, հատուկ այդ առիթի համար Երևանի կոնյակի գործարանի վարպետների կողմից ստեղծվել է ARARAT հայկական կոնյակի եզակի շիշ՝ պատրաստված Երևանի կոնյակի գործարանի մառանների լավագույն սպիրտներից։ Այն կներկայացվի որպես հատուկ աճուրդային նմուշ Թումոյի 15-ամյակին նվիրված գալա երեկոյի ընթացքում, որը օրեր անց տեղի կունենա Լոս Անջելեսոմ։ Աճուրդի նպատակն է աջակցել Թումոյի զարգացմանն ու ընդլայնմանը՝ նրա կրթական և ստեղծարար միջավայրը հասանելի դարձնելով Հայաստանի նոր համայնքների և ավելի լայն շրջանակների համար։
Կողմերը նախատեսում են համագործակցությունը զարգացնել նաև հետագա ստեղծարար և մշակութային նախաձեռնությունների, արվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների ու նորարարության, ինչպես նաև բարեգործական և դրամահավաք նախաձեռնությունների ուղղություններով։



