
RBC-ն հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցի հաջորդ հատվածը, որտեղ Փաշինյանը պատասխանում է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատություններին, որոնք նա հրապարակել էր առանձին գրառմամբ։ Վարչապետը մասնավորապես նշել է, որ Սիմոնյանի պատասխանները հիմնազուրկ են, քանի որ նախ այն կազմակերպությունները, որոնք Մարգարիտա Սիմոնյանը համարում է արեւմտյան շահերը սպասարկող, գործել են դեռ այն ժամանակվանից, երբ Հայաստանում իշխանության ղեկին էին Ռուսաստանի հանդեպ լոյալ նախագահներ։
Անդրադառնալով արդեն նախագահ Քոչարյանի հետ կապված Մարգարիտա Սիմոնյանի գրառման հատվածին, Փաշինյանը նկատում է, որ Ռուսաստանի դաշնակից եւ գործընկեր է ողջ Հայ ժողովուրդը եւ ոչ թե առանձին քաղաքական գործիչներ։
Ընդհանուր առմամբ, այս հատվածում տեղ գտած Փաշինյանի պատասխաններից, դրանց զսպվածությունից, իրեն հատուկ հախուռն հիստերիկ տոնայնության բացակայությունից, կարելի է հասկանալ, որ Փաշինյանը պարզապես վախեցած է ինչ որ բանից։ Կապ չունի, դա կապված է վերջին հայ-ադրբեջանական սահմանային սրացման հետ, թե ավելի գլոբալ՝ մեծ քաղաքականության հետ առնչված իրողության հետ է կապված, սակայն այդ վախվորածությունն ու զգուշավորությունը Փաշինյանի մոտ առկա է։ Եթե կուզեք, սա կարելի է անվանել «Փաշինյանական հրաժեշտի գազելը» ուղղված Ռուսաստանին։ Փաշինյանը շեշտում է, որ Ռուսաստանի գործընկերն ու դաշնակիցը ոչ Փաշինյանն է, ոչ Պետրոսյանը, ոչ Պողոսյանը, ոչ Քոչարյանը եւ ոչ Սարգսյանը, այլ Հայ ժողովուրդը։
Իհարկե, սպասելի էր, որ նույնիսկ այս հարցում նա թաքնվելու է ժողովորդի անվան տակ, սակայն նաեւ կարդացվում է ակնարկը, որ ինքը նաեւ խոստովանում է իր անցողիկությունը եւ ժողովրդի հարատեւականությունը, այսինքն թե՝ այսօր կամ, վաղը՝ չկամ, դուք ժողովրդի հետ եք շարունակելու աշխատել։
Մենք արդեն գրել էինք, որ Մարգարիտա Սիմոնյանի գրառումը կարելի է համարել Կրեմլի կիսապաշտոնական վերաբերմունքը Փաշինյանին եւ այժմ, կարելի է ասել, որ Փաշինյանը պատասխանում է հենց Կրեմլին, ոչ թե Սիմոնյանին։ Թե կոնկրետ ինչ է զգում Փաշինյանը աշխարհաքաղաքական կամ ռեգիոնալ քաղաքական կլիմայի փոփոխության մասով, դժվար է ասել, այն իրավիճակը որում գտնվում է հիմա Փաշինյանը մեծ քաղաքականության հիմնական խաղացողների եւ գլոբալ ուժային կենտրոնների համար, հիշեցնում է մի դրվագ, որը առնչվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական կյանքին։ Տեր-Պետրոսյանի նախագահության վերջում Փարիզ իր փոխարեն հրավիրում է Ժակ Շիրակը վարչապետ Քոչարյանին եւ դա լինում է ազդակ, որով հասկացնում են Տեր-Պետրոսյանին, որ մեծ քաղաքականության խաղացողները Հայաստանում այլ մեկի հետ են սկսել պայմանավորվել, եւ Տեր-Պետրոսյանը պարզապես ավելորդ է իրենց համար։ Սա եւս որոշիչ դեր է խաղում, որ նա հրաժարական տա։