Բաքվի «ռազմական շքերթի» ժամանակ տրիբունայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողքին է եղել Ադրբեջանի, այսպես կոչված, «հերոս» Իբադ Հուսեյնովը, որը 1993 թվականի հունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլու տեղանքի տարածքում սպանել և գլխատել է Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանին, իսկ հետո լուսանկարվել նրա կտրված գլխի հետ։ Այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանը։
«Իլհամը չի դավաճանում ավանդույթներին․․
Տրիբունայում նրա կողքին, պատվավոր հյուրերի թվում, հայտնվել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ հանցագործություններին մասնակցած անձինք․․․
Սա Իբադ Հուսեյնովն է՝ Ադրբեջանի, այսպես կոչված, «հերոսը», որը 1993 թվականի հունիսի 12-ին Մարտունու շրջանի Մուղանլու տեղանքի տարածքում սպանել և գլխատել է Մարտունի քաղաքի խաղաղ բնակիչ Ռուբիկ Բաբաջանյանին, իսկ հետո լուսանկարվել նրա կտրված գլխի հետ։ Խաղաղ բնակչի սպանության փաստով այն ժամանակ քրեական գործ էր հարուցվել։
Իշխող ռեժիմը նրան «հերոսի» աստիճանի է բարձրացրել՝ պնդելով, որ նա սպանել է Ավոյին (Մ. Մելքոնյանին), թեև նույնիսկ Ադրբեջանում նրան կեղծ հերոս են անվանում, ինչի մասին վկայում են տեղական ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներ (հղումներից մեկը կթողնեմ մեկնաբանություններում)․․․
Այսօր, իշխող ռեժիմի լիակատար համաձայնությամբ, նա վերահսկում է օկուպացված Մարտունի քաղաքի թալանը․․․ Առանց նրա թույլտվության ոչ ոք իրավունք չունի քաղաքից տանել հայերից թալանված գույքը։ Նրան նվիրել են հյուրանոց քաղաքի կենտրոնում, որը վերանորոգվել է հատուկ նրա համար, որտեղից նա համակարգում է ամբողջ շրջանի թալանը․․․»,- նշել է ռազմական փորձագետը։



