Փաշինյանը սիրով կգնար ու «սիլի-բիլի» կաներ Ար...

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում խոսել է ապագայի մասին․ «Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է: Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել: Հանրային-քաղաքական դիսկուրսը օր առաջ պիտի տեղափոխվի հենց այս հարթություն»:

Ներքաղաքական հետզհետե շիկացող մնթլորտի պայմաններում նման գրառում կատարելը, առնվազն մատնում է գրառումը կատարողի քաղաքական անհեռատեսությունը, որովհետեւ հանրային-քաղաքական օրակարգը այս պահին ունի մի հարց՝ պարտության սիմվոլի խարանը կրող իշխանության հնարավորինս հեռացում, նոր իշխանության ձեւավորում։ Ընդ որում, եթե նույն Նիկոլ Փաշինյանի գրառման տրամաբանության մեջ մնանք, կոնկրետ իր հրաժարականի հարցը որ այսօրվա ներկան է, հենց ապագային միտված հարց է, որովհետեւ նրա ղեկավարությամբ Հայաստանի ապագան այլեւս ոչ միայն անորոշ է, այլ նաեւ կործանված։ Սա ցանկալի է, որ Փաշինյանն անձամբ ամրագրի իր համար։

Դժվար է ասել, թե իր գրառման մեջ ինչ է ուզել ասել Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը, սակայն ապագան անհնար է կառուցել առանց այժմ ճիշտ որոշումներ կայացնելու։ Իսկ ապագայում Հայաստանին դեռ ոտքի կանգնել է պետք, Ղարաբաղյան ճակատում բանակցությունների երկար ու ձիգ փուլ է պետք նորմալ բանակցողով, ներդրումներ են պետք, տնտեսության վերակենդանացում է պետք, ու էլի հազար ու մի բաներ, որոնք երբեք չեն լինի, եթե իշխանության մնա Փաշինյանը իր «գունագեղ» թիմով։ Ամենատարրական բանը՝ չի կարող ռուսական կողմի վստահությունը չվայելող Փաշինյանը օրինակ հայ-ռուսական հարաբերություններում դրական ներդրում ունենալ։ Ինքնախաբեություն է կարծել, թե այժմյան ժպիտները Մոսկվայից, որոնք դեռ հարց է հղվում են Երեւանին, թե ոչ, կարող են նշանակել, որ Մոսկվան մոռացավ այն վիրավորանքները, «անիվի տակ դրած փայտերը», որոնք երկուս ու կես տարի հեղինակել է Փաշինյանը։

Փաշինյանը սիրով կգնար ու «սիլի-բիլի» կաներ Արեւմուտքի հետ, պարզապես, ինչպես ժողովուրդն է ասում՝ «տեղը նեղ է» հասկանում է, որ գերիներին վերադարձնողը ռուսներն են, նույնիսկ զինծառայողների հերթափոխին ծառայության վայրեր հասցնողը ռուսներն են, իսկ ինքը եւ իր արցախյան դրածո Արայիկ Հարությունյանը պարզապես դարձել են դեկորացիաներ, ընդ որում, խորապես ինքնախաբեության մեջ գտնվող դեկորացիաներ, որ իրենցից դեռ բան է կախված։ Ցանկալի կլիներ, որ հաջորդ գրառման մեջ Փաշինյանը խոստովաներ, որ Հայաստանի ապագան առանց Նիկոլ է, ու այդ առնչությամբ հանրային-քաղաքական օրակարգը այլեւս կյանքի է կոչվում։