ԱԺ-ն չդադարեցրեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լի...

Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկության արդյունքում չդադարեցրեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները:  

Քվեարկության արդյունքները խորհրդարանի նիստում ներկայացրեց Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

«Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 28-ը, քվեատուփում առկա է 28 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ «կողմ»՝ 28, «դեմ»՝ 0»,- ասաց Բաբայանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քվեարկությանը չեն մասնակցել։ Քանի որ ընդդիմությանը 28 կողմ ձայները բավարար չեն, որպեսզի Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցվեն, ընդդիմադիրների ներկայացրած նախագիծը համարվել է մերժված։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը պահանջել էր դադարեցնել ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները։ Ընդդիմադիր պատգամավորների հիմնավորմամբ՝ Հակոբ Հակոբյանը, որը հայտնի է նաև որպես Հակոբ Մովսես, խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության և զսպվածության պահանջները, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ։

Դաշինքի շրջանառած նախագծում նշվում է, որ Հակոբ Մովսեսը «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում թույլ է տվել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը վիրավորող և վարկաբեկող արտահայտություններ։