Մի քանի ամսից Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ։ Անկասկած է, որ ընտրապայքարին կմասնակցեն բազմաթիվ քաղաքական ուժեր, կներկայացվեն ծրագրեր, խոստումներ, կարգախոսներ։ Սակայն քաղաքական իրողությունը շատ ավելի պարզ է, քան նախընտրական աղմուկը։ Այս ընտրություններում կան երկու կենտրոնական թեկնածուներ, որոնց պարագայում լիովին կանխատեսելի է պետության ռազմավարական ուղղությունը։
Խոսքը պարզապես անձերի մասին չէ։ Խոսքը պետության սուբյեկտայնության մոդելի մասին է։
Քաղաքագիտության մեջ վաղուց ձևակերպված է պարզ սկզբունք․ փոքր պետությունները գոյատևում են ոչ թե հայտարարություններով, այլ բանակցային կշռով։ Եթե քաղաքական ղեկավարությունը չունի ուժային կենտրոնների հետ հավասար խոսելու կարողություն, պետությունը աստիճանաբար դառնում է օբյեկտ՝ այլոց որոշումների կատարման հարթակ։
Առաջին մոդելը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գիծն է։ Նրա կառավարման տարիներն արդեն ձևավորել են կանխատեսելի պատկեր՝ ռազմական պարտություն, բանակցային դիրքերի թուլացում, արտաքին ճնշումների պայմաններում զիջումների տրամաբանություն։ Այս մոդելի շարունակությունը ենթադրում է սահմանափակ սուբյեկտայնություն, երբ պետությունը ձևականորեն գոյություն ունի, բայց ռազմավարական որոշումների էությունը ձևավորվում է արտաքին ուժային կենտրոններում։ Այս մոդելի շարունակության պարագայում մեզ համար կարևոր որոշումները կայացվելու են Բաքվում և Անկարայում։
Երկրորդ մոդելը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական փորձի շուրջ ձևավորված ուղղությունն է։ Նրա կառավարման տարիները նույնպես ունեցել են օբյեկտիվ և սուբյեկտիվ քննադատվող էջեր, սակայն նույն ժամանակահատվածում Հայաստանը պահպանել է բանակցային կշիռ և ուժային հաշվարկների մեջ ընկալվել է որպես գործոն, այլ ոչ թե գործիք կամ միջանցք։ Քոչարյանի քաղաքական կենսագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ճնշումների պայմաններում հնարավոր է կառուցել ուժային հավասարակշռություն։ Հնարավոր է իրականացնել նախագծեր, որոնք աշխարհաքաղաքական կենտրոնների շահերի տեսանկյունից պետք է գոյություն չունենային։
Սա արժեքային կամ էմոցիոնալ ընտրություն չէ։ Սա ռեալիստական ընտրություն է։
Կենցաղային պարզ օրինակը, որը հաճախ ավելի հստակ է, քան տեսական վերլուծությունը, շատ բան է բացատրում։ Երբ տղամարդը (աշխարհի խնդիրները տղամարդկային լուծումներ են պահանջում) բախվում է խնդրի, որը իր ուժերից վեր է, նա դիմում է ոչ թե այն մեկին, ով պարզապես թաղի կամ քաղաքի մեծերի «սեմուշկի գնացողն» է, այլ այն մարդուն, ով մեծերի հետ հավասար նստում-ելնում է և խոսում նույն մակարդակով։ Առաջինի հետ կարելի է հետաքրքիր զրուցել, անգամ կատակներ անել, բայց խնդրի լուծումը ակնկալվում է երկրորդից։
Տարածաշրջանային իմաստով այսօր Հայաստանի առաջ կանգնած հարցն էլ նույնն է․ պետությունն ունենալո՞ւ է ղեկավար, ով ուժային կենտրոնների հետ խոսելու շնորհք ունի և ձևը գիտի, թե՞ ղեկավար, որի քաղաքական դերակատարումը սահմանափակվելու է արտաքին օրակարգերի սպասարկմամբ։
Հունիսի 7-ին ընտրությունը լինելու է պարզ․ Հայաստանը լինելո՞ւ է սուբյեկտ, թե՞ օբյեկտ։ Ունենալո՞ւ է ղեկավար, ով մեծերի հետ նստում-ելնում է հավասարի պես, թե՞ մեկին, ով նրանց համար «սեմուշկա բերող» է։ Պատմությունը չի սիրում թույլերին։ Տարածաշրջանը՝ առավել ևս։
։



