Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ եվրոպական քաղաքականության հիմնական հարցերի շուրջ տարաձայնությունները, այդ թվում՝ եվրապարտատոմսերի օգտագործման եւ Եվրահանձնաժողովի կողմից Հարավային ընդհանուր շուկայի (MERCOSUR) երկրների հետ ազատ առեւտրի համաձայնագրի վերաբերյալ, սպառնում են պառակտել Եվրամիությունը։ Այս մասին գրել է La Repubblica թերթը։
Հինգշաբթի թերթում հրապարակված հոդվածում նշվել էր, որ Մերցը ռուսական ակտիվների բռնագրավման անհաջող փորձը, որը եվրոպական երկրներին ստիպեց համաձայնել Կիեւին 90 միլիարդ եվրոյի օգնությանը, համարել է Մակրոնի եւ ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի լարած թակարդ։ Ընդ որում, թերթի տվյալներով, Ֆրանսիայի նախագահը տեղյակ էր Գերմանիայի կանցլերի դժգոհության մասին եւ նամակ է ուղարկել Բեռլին՝ ընդգծելով, որ նախապես զգուշացրել էր Մերցին ռուսական ակտիվների բռնագրավման փորձերի հաջողության վրա հույս դնելու անիմաստության մասին։
Գերմանիայի առաջնորդին զայրացնող երկրորդ հիմնական գործոնը ԵՄ- MERCOSUR համաձայնագրի վերաբերյալ Ֆրանսիայի դիրքորոշումն էր, քանի որ Փարիզը դեմ էր փաստաթղթի վավերացմանը՝ ներքին իրավիճակը կայունացնելու նպատակով։
Ինչպես նշել է պարբերականը, Մերցի ներկա ծրագիրն այս փուլում հիմնականում կենտրոնանում է երկու նպատակի վրա՝ եվրապարտատոմսերի հետագա թողարկման կասեցում եւ եվրոպական երկրների առանձին բանակների վրա հիմնված եվրոպական պաշտպանական համակարգի ստեղծում։ Գերմանիայի կանցլերը սա համարում է Մակրոնի գործողությունների պատասխանը եւ արտացոլում է Բեռլինի ձգտումները՝ վերաբաշխել իշխանությունը ԵՄ-ում ազգային կառավարությունների օգտին, ընդգծել է La Repubblica-ն։



