«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (SSS) նաև 2026 թվականին։
«Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին՝ Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության բացառիկ միջավայր։
«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է և պարզել, թե ինչ ուշագրավ ծախսեր են նախատեսվել «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ի համար։
Միջոցառման հիմնական մեծ բեմը, որը պետք է տեղակայված լինի միջոցառման հիմնական տարածքում և կահավորված լինի լեդ էկրաններով, արժեցել է 24 մլն դրամ։
Հիմնական անցակետը, մուտքի-ելքի ընթացակարգը և հյուրընկալության ծառայությունը արժենալու են 18 մլն դրամ։
Բազմաֆունկցիոնալ սննդի կետը՝ food court-ը, 800 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիայով կամ շինությամբ, որը պետք է ապահովված լինի 150 սեղանով և 600 աթոռով, արժենալու է 15 մլն 198 հազար դրամ։
Վրանային ավանը, որը նախատեսված է միջոցառման հիմնական մասնակիցների գիշերակացի ապահովման համար, արժենալու է 28 մլն 800 հազար դրամ։
Ընդհանուր նկարահանման արժեքը կազմել է 24 մլն դրամ։
Սանհանգույցների և լոգարանների, դրանց սպասարկման և մաքրման ծառայությունների համար հատկացվել է 36 մլն դրամ։ Միջոցառման տարածքում պետք է ապահովվեն տղամարդկանց և կանանց համար առանձնացված սանհանգույցներ, լվացարաններ և լոգախցիկներ՝ բոլոր գործող սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմամբ և շարունակական սպասարկմամբ, ներառյալ մաքրման ծառայությունը՝ միջոցառման ամբողջ ընթացքում, ինչպես նաև առնվազն 48 զուգարանային խցիկ և 32 լոգարանի խցիկ։
Համազգեստի և տպագրության համար՝ այդ թվում 20 հազար բեյջ, 1,500 նոթատետր, 1,500 ուղեցույց, 1,500 քարտեզ և առնվազն 100 մեծ դրոշ։ Միջոցառման հիմնական մասնակիցների համար պետք է պատրաստվեն 1,500 բրենդային շապիկներ, 1,500 գլխարկ և 1,500 հուդի՝ որպես հիշարժան նվեր մասնակիցներին։ Այս ծառայությունների համար հատկացվել է 32 մլն 400 հազար դրամ։
Ահա թե ինչի համար է իշխանությունը ծախսում պետական միջոցները։
Հարկ է նշել, որ 2025 թվականին Կառավարությունը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով կրկին հատկացրել էր 200 մլն դրամ»։



