Ավստրիայում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի առաջիկա նիստը պետք է դիտարկել ոչ թե որպես հերթական եկեղեցական միջոցառում, այլ որպես Հայ առաքելական եկեղեցու ինքնապաշտպանության փորձ՝ պետական ճնշման պայմաններում։ Նիստը կանխամտածված կերպով տեղափոխվել էր Հայաստանի սահմաններից դուրս՝ պարզ և հասկանալի պատճառներով․ վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի միջավայր, որտեղ եկեղեցու բարձրագույն ներկայացուցիչների անվտանգությունը այլևս երաշխավորված չէ։Վախերը հիմնավոր էին։ Նախորդ ամիսներին չորս հոգևոր առաջնորդներ արդեն հայտնվել են բանտում՝ հորինված քրեական գործերի և քաղաքական հաշվեհարդարի արդյունքում։
Այդ ֆոնին ակնհայտ էր, որ եթե Գերագույն հոգևոր խորհուրդը գումարվեր Հայաստանում, արտերկրից ժամանող եպիսկոպոսները կարող էին կանգնել նույն ճակատագրի առաջ։ Եկեղեցին, փորձելով պաշտպանել իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու որոշումների ազատությունը, ստիպված էր նիստը տեղափոխել Ավստրիա։Սակայն նույնիսկ այս քայլը չկանգնեցրեց իշխանության միջամտությունը։ Նիստից անմիջապես առաջ իշխանությունները կրկին դիմեցին ճնշման ամենակոպիտ գործիքին՝ քրեական գործերի «արտադրությանը»։
Մի շարք եպիսկոպոսներ հրավիրվեցին իրավապահ մարմիններ, իսկ հետո նրանց նկատմամբ կիրառվեց Հայաստանից դուրս գալու արգելք։ Սա բացահայտ հարված է եկեղեցու ինքնավարությանը և ուղղակի փորձ՝ խափանելու Գերագույն հոգևոր խորհրդի լիարժեք աշխատանքը։Այս քայլերը հստակ ցույց են տալիս, որ իշխանության հաշվարկը տապալվել է։ Գերագույն հոգևոր խորհրդում իշխանահաճո մեծամասնություն ձևավորելու փորձը ձախողվել է, և դա արդեն անհնար է թաքցնել։
Հասկանալով, որ չեն կարող պարտադրել իրենց ցանկալի որոշումները, իշխանությունները ընտրել են ավելի կոպիտ և վտանգավոր ճանապարհ՝ պարզապես խոչընդոտել նիստի կայացմանը՝ որոշ հոգևորականների զրկելով Հայաստանից դուրս գալու իրավունքից։Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունն այս կերպ փաստացի խոստովանում է իր վախը եկեղեցուց։ Վախ մի կառույցից, որը դեռևս պահպանում է անկախ մտածողություն, ներքին դիմադրություն և ազգային ինքնության առանցքային դեր։ Եկեղեցին այստեղ հանդես է գալիս ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, այլ որպես վերջին ինստիտուտներից մեկը, որը չի համաձայնվում դառնալ իշխանական կամակատար։Սա արդեն ոչ թե իշխանություն–եկեղեցի տարաձայնություն է, այլ պետության կողմից եկեղեցու դեմ ուղղված համակարգային ճնշում։
Երբ իշխանությունը որոշում է, թե ով կարող է մասնակցել Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, իսկ ով պետք է ֆիզիկապես մեկուսացվի, դա ուղիղ հարված է եկեղեցու կանոնական կարգին և հազարամյա ավանդույթներին։Այս իրավիճակում Հայ առաքելական եկեղեցին հայտնվել է ինքնապաշտպանության դիրքում։ Եվ որքան էլ իշխանությունները փորձեն ճնշել, վախեցնել կամ բաժանել հոգևոր դաշտը, իրականությունը պարզ է․ եկեղեցին կանգնած է ոչ թե քաղաքական հավակնությունների, այլ ազգային ինքնության, պատմական հիշողության և ժողովրդի հոգևոր անվտանգության պահպանման դիրքերում։ Իսկ իշխանության վարած այս քաղաքականությունը վաղ թե ուշ պատասխան է ստանալու՝ ոչ թե իրավապահների կաբինետներում, այլ պատմության դատաստանում։



