Մուսուլմանների համար սրբազան ամսից՝ Ռամադանից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ, մասնավորապես՝ Շուշի: Այս մասին նա հայտարարել է մարտի 31-ին Թյուրքական խորհրդում:
Էրդողանի այս հայտարարությունը հաջորդեց Հայաստանում իշխանությունների կողմից սկսված թուրքերի հետ բարեկամություն անելու տեղեկատվական արշավին: Տպավորություն է, որ ինչ որ գործընթաց է գնում, որին հայ հանրությունը տեղյակ չէ:
Էրդողանի Շուշի գալու մասին հայտարարությունը Հայաստանում շատերի մոտ հարց է առաջացրել, թե ինչպե՞ս է նա գալու բերդաքաղաք և որ ամենակարևորն է ինչպե՞ս է կազմակերպվելու նրա անվտանգությունը: Ի վերջո չպետք է մոռանալ, որ նա գալիս է կոնֆլիկտի գոտի և եթե հայկական կողմից չլինեն լրացուցիչ երաշխքիներ՝ դժվար է պատկերացնել, որ Թուրքիայի նախագահը կգա Շուշի:
Էրդողանի ինքնավստահ հայտարարությունը պարզվում է հիմքեր ունի: Նրանից առաջ հայկական վերահսկողության տակ գտնվող ճանապարհով Շուշի է գնացել Իլհամ Ալիևը: Այս մասին հետաքրիր բացահայտումներով հանդես եկավ ադրբեջանցի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը.«Օրինակ, հասկանալի է, որ Իլհամ Ալիևը, ինչպես պաշտոնապես ասվեց, գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ Կարմիր շուկայով, որը հայկական վերահսկողության տակ է: Այսինքն՝ հայկական կողմն այս կամ այն ձևով տեղեկացված է կամ գիտի դրա մասին, այսինքն՝ այնտեղ ինչ-որ բաներ են տեղի ունեցել նրա այցի հետ կապված: Չէ՞ որ պարզ է՝ նա հենց այնպես չի գնացել, պարզ է, որ նախապես բանակցություններ են ընթացել, լուծվել է նրա անվտանգության հարցը, այնտեղ նաև նրա տիկինն էր, փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան»,- ասել է իրավապաշտպանը «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում:
Եթե հայկական կողմը անվտանգության երաշխիքներ է տվել Ալիևին, ապա այն անպայման անհրաժեշտ կլինի նաև Էրդողանի այցելության համար: Ակնհայտ է, որ հայկական կողմի համաձայնությունն արդեն կա, հակառակ պարագայում Էրդողանը հրապարակային նման հայտարարությամբ հանդես չէր գա:
Այս ամենից հարց է առաջանում, թե ի՞նչ շահ ունեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը, որ անվտանգության երաշխիքներ են տալիս թուրք առանջորդներին, որոնք գալիս են Արցախի օկուպացված քաղաքներ, բնակավայրեր և իրենց հրապարակային հայտարարություններով նսեմացնում Հայաստանն ու հայ ժողովրդին: Սա հարց է, որի պատասխանը հանրությունը պետք է անպայման ստանա:



